26/12/2014 09:34
Նաիրիտցիներն Ամանորին «հուժկու» անակնկալ ունեն
«Մեր համբերության բաժակը լցվել է, մենք որևէ կոնկրետ պատասխան չենք ստանում, չգիտենք, թե մեր հետագա ճակատագիրն ինչ է լինելու, բոլորը պատրաստվում են Նոր տարվան, իսկ մենք՝ հուժկու ակցիաների»,- «Հրապարակի» փոխանցմամբ՝ ասել է «Նաիրիտի» աշխատակից Լուսինե Մարությանը:
Գործարանի 2215 աշխատակիցներին աշխատանքից ազատման ծանուցագրեր են ուղարկվել, փետրվարի 6-ից բոլորը գործազուրկ կլինեն, ապա մոտ 500 հոգու հետ պայմանագրեր կկնքվեն. «Գործից ազատում են, բայց աշխատավարձ չեն տալիս, չեն էլ մտածում, թե ոնց ենք Նոր տարի անելու, ինչպես ենք ապրելու, մենք այլևս հույս չունենք էլ, որ մեզ աշխատավարձ կտան երբևէ»: Վերջին անգամ աշխատավարձ ստացել են դեկտեմբերի 16-ին, հաջորդը կստանան հունվարին: Նրանք ստեղծել են համակարգող խումբ, որը նամակ է ուղարկել «Նաիրիտի» խորհրդին, վերջինս էլ այն ուղարկել է կառավարություն:
Նամակում անդրադարձել են իրենց 18 ամսվա աշխատավարձի մարմանը, որը 13-15 մլն դոլար է, նախանշել են պարտքը մարելու ճանապարհները: «Որևէ պատասխան չկա, մենք այսօր ժամը 11-ից հավաքվելու ենք գործարանի մոտ, որտեղից երթով կշարժվենք դեպի նախագահական, մեր պայքարը չենք դադարի: Ամանորի գիշերն էլ աշխատակիցներով պատրաստ ենք բողոքի ակցիա անելու»: