26/12/2014 20:10
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով Լոռու մարզում նոր ստեղծագործարան է բացվել
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է հերթական՝ թվով 6-րդ ստեղծագործարանը: Այս մասին տեղեկանում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից:
Էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցած կրթասրահում սովորելու են Լոռու մարզի Դսեղ համայնքի դպրոցի աշակերտները:
Ստեղծագործարանն օգնելու է ոչ միայն ուսումնատենչ աշակերտներին, այլև բոլոր այն ուսուցիչներին, ովքեր ցանկանում են տեխնոլոգիաների կիրառումն ինտեգրել դասապրոցեսում` այն դարձնելով ավելի հետաքրքիր և ուսանելի: Նորարարական այս դասասենյակի առանձնահատկություններից է տեխնիկապես հզոր հագեցվածությունը, ինչպես նաև հատուկ շարժական կահույքի առկայությունը: Վերջինս աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել և´ անհատական, և´ զույգերով, և´ խմբային աշխատանք:
Գործընկեր կազմակերպությունները լիահույս են, որ ստեղծագործականությունը խթանող ժամանակակից միջոցներ տրամադրելով գյուղի դպրոցին` նպաստում են աշակերտների ընդունակությունների բացահայտմանն ու զարգացմանը: Կարևոր է, որպեսզի ստեղծագործելու հնարավորություն ընձեռող ժամանակակից գործիքները հավասարապես հասանելի լինեն թե՛ քաղաքի, թե՛ գյուղի երեխաներին:
2013-2014թթ. ընթացքում նույն ծրագրի շահառու են դարձել նաև Արմավիրի մարզի Սարդարապատ, Վանանդ, Հացիկ, Արագածոտնի մարզի Արտենի, ինչպես նաև Լոռու մարզի Թումանյան համայնքի երեխաները: