26/12/2014 10:49
Վաճառականները չսթափվեցին, հանրության սպասումները չարդարացան
Տոներից առաջ գնաճը, կարծես, լավ փաթեթավորված «նվեր» լիներ հայ հանրության համար նախատեսված, որը պատրաստված էր հմուտ, բայց ոչ՝ մաքուր ձեռքերով: Ու չնայած հատուկ հանձնարարականներին, այսօր գնաճը հետնահանջ չի ապրում: Միակ դրական գործընթացն այս ամենում այն էր, որ դեռ «նվերի» տուփը չբացված անակնկալը կորցրեց իր հետաքրքրությունը և այսօր էլ հասարակության մի ստվար զանգված շարունակում է ապրել տհաճ անկնկալի տպավորության ներքո:
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից տրվեցին հատուկ հանձնարարականներ, որով վարչապետը համապատասխան մարմիններին հանձնարարեց խիստ վերահսկողություն սահմանել խանութներում՝ առկա իրավիճակը շտկելու համար: Վարչապետն անձամբ եղավ խանութներում, բայց դա իրավիճակը չփրկեց. վաճառականները չսթափվեցին, վարչապետի ակնկալիքները չսփոփվեցին, հանրության սպասումները չարդարացան:
Վարչապետի այցից անակնկալի եկած գործարարներից շատերը, նրա հեռանալուց հետո էլ, գները որոշեցին անփոփոխ թողնել, կամ իջեցնել՝ գոնե մասնակի, ասելու համար, որ արել են դա:
Ու թվում էր՝ քանի մոտենում է Ամանորը, գնաճը պետք է իր դիրքերը զիջի, բայց ամանորյա թոհուբոհն այդ երևույթն ավելի նկատելի դարձրեց: Այսօր խանութներում մասնակի գնանկում նկատվում է մի քանի ապրանքատեսակների նկատմամբ, իսկ որոշ ապրանքների գներ ընդհանրապես չեն իջեցվել: Այդ տարբերությունը նկատելի է շաքարավազի, ձեթի, կարագի նկատմամբ, բայց սահմանված գները, ինչպես առևտրականներն են բնութագրում՝ տատանվող են:
Այո, սննդի խանութներում գնային փոփոխություններ, այնուամենայնիվ, նկատելի են, ինչը չենք կարող ասել հագուստի շուկայի մասին: Հագուստի շուկայում մեքենայություններն անհամեմատ ավելի շատ են: Շատ են, քանի որ այդ շուկան ընդհանրապես չի վերահսկվում: Ի դեպ՝ հագուստի շուկայում նկատելի են ոչ միայն թանկացումները, այլև դոլարով առևտուր անելը: Վաճառականներն հավանաբար ուզում են օգտվել ամանորյա «անակնկալից»…
Այսօր շուկաներում ապրանքի գինը «կրակելու» հետ մեկտեղ, մի փոքր ճոխ ու զրնգուն հնչում է հատկապես դոլարի անունը: Իսկ դոլարով այսօր վաճառվում են ոչ միայն վերջին շրջանում, այլև նախկինում ներկրված հին ու խունացած հագուստեղենը.
«Դե Նոր Տարի է էլի, մի բան կկպնի»,- պատատակերին փսփում են առևտրականները…
Նշենք, որ եթե նախկինում հագուստի թանկացումը «խանութպաններն» հիմնավորում էին դոլար-դրամ արտարժույթ տատանումով, ապա հիմա՝ խիզախում են ասել, որ վաճառվող ապրանքը ձեռք են բերել ավելի թանկ գնով: Իսկ զարմանալին այն է, որ գրեթե ամենուր (բացի Հայաստանից-հեղ.) այս օրերին գործում է ճկուն զեղչային համակարգ, այդ թվում և՝ Չինաստանում, Դուբայում, անգամ Թուրքիայում, որտեղից ներկրվում են հիմնականում ապրանքները:
Aysor.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ընդգծեց, որ եթե այս օրերին վերահսկվում է մասսամբ սննդի շուկան, ապա հագուստի շուկան առհասարակ չի վերահսկվում: «Ով ինչ գնով ասես, ինչ ուզում վաճառում է: Շուկան չի վերահսկվում ոչ միայն այսօր, այլև առհասարակ»,- ասաց նա:
Պիպոյանի կարծիքով՝ հագուստի շուկայով պետք է զբաղվի ոչ միայն ՏՄՊՊՀ-ն, այլև էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես նաև հարկային և մի քանի այլ պատկան մարմիններ: «Այս մասին մենք բազմից ենք բարձրաձայնել»,- ասաց Պիպոյանը՝ հստակեցնելով, որ պաշտոնական կառույցների կողմից շուկան վաղուցվանից չի վերահսկվում, ինչից էլ ոմանք պարզապես օգտվում են:
Բերելով բրենդային խանութների օրինակը, Պիպոյանը շեշտեց, որ հարց է՝ այդ խանութներում իրո՞ք վաճառվում է բրենդային հուգուստ թե, ոչ: «Պարզ չէ, այդ ապրանքը ձեռք է բերվել իսկական ընկերությունից, թե դա Չինաստանում արված որակյալ պատենդ է»,- ասաց նա: Եվ, քանի որ շուկան չի վերահսկվում, հետևաբար առևտրականների նման անհիմն պատճառաբանությունները անտեղի են: Էլ չենք խոսում թուրքական ապրանքներից: «Այդ արդարացումները տեղին չեն, քանի որ Հայաստանում դոլարն այդ գինը մեկ անգամ չէ, որ հատել է. փաստերն այլ բան են ապացուցում: Այս առումով՝ տնտեսվարողը ստիպված է պարզաբանումներ տալ և հիմնավորել, թե ինչու է ապրանքը թանկ գներով գնել և հատկապես որտեղից»,- շեշտեց նա:
Անդրադառնալով ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններին՝ Պիպոյանը նկատեց, որ ներկայացված ուսումնասիրությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ դրանցում առհասարակ բացակայում են հագուստի հետ կապված ուսումնասիրությունները: «Հագուստի հետ կապված ոչ մի ուսումնասիրության չենք հանդիպել, չնայած, որ՝ դա ևս պակաս կարևոր չէ: Ինչ վերաբերում է սննդին՝ ապա դրանք միանշանակ արդարացված չեն»,- հավելեց նա՝ նշելով, որ այս օրերին կա նաև խնդիր սննդի որակի հետ կապված: «Սա ևս ուշադրավ է»...
Նշենք, որ մենք չկարողացանք պարզաբանումներ ստանալ նաև ՏՄՊՊՀ-ից, որն այս օրերին խիստ զբաղված է խանութների վերահսկողությամբ…