26/12/2014 16:38
Հոգեբան. Ամանորին սեղան դնելը դարձել է լավ մեքենա կամ լավ տուն ունենալու պես մի բան
Ամանորի ճոխ սեղանների պատրաստություն տեսնելը հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով, ինքնահաստատման խնդիր է: Այսօր հրավիրված ասուլսում, անդրադառնալով թեմային, հոգեբանն ասաց, որ ինքնահաստատվելը ևս հոգեբանական խնդիր է, որի դեմ պետք է պայքարել:
Խուդոյանը մանրամասնեց, որ իր պրակտիկայում նոր ու շշմեցուցիչ բացասական երևույթ է այն, որ այդ տարի մարդիկ գնում են, պարտքով գումար վերցնում, որպեսզի Ամանորին լավ սեղան ունենան: Ու չնայած այն, որ այդ մասին նախկինում միշտ խոսվել է, բայց այսպիսի բացահայտ կերպով այդ երևույթը նկատելի չի եղել:
«Դա արդեն մաքսիմալ պաթոլոգիա է, որի դեմն առնել է պետք: Ինչ վերաբերում է ճոխ սեղաններին, ապա մարդիկ ուզում են ոչ թե հյուրերին դրանով զարմացնել, այլ հակառակը՝ նրանք իրենց մասին այնքան ցածր ինքնագնահատական ունեն, որ ուզում են բարձրացնել»,- ասաց հոգեբանը:
Նրա խոսքով՝ այսօր ցուցամոլություն է դարձել սեղանների ճոխ ու փարթամ պատրաստություն տեսնելը: Եթե նախկինում սեղանների պարտադիր «կոմպոնենտներից» էր պոպոկ-պնդուկը, կամ՝ ավանդական խոզի բուդը, ապա այսօր Հայաստանում նախապատվությունը տալիս են կոկորդիլոսի մսին. «Արդեն խոստացել են, որ այս տարի ևս խանութներում դրանք կլինեն: Ամանորին սեղան դնելը դարձել է լավ մեքենա կամ լավ տուն ունենալու պես մի բան: Մարդկանց մոտ զարգացել է այն հոգեբանությունը, որ եթե լավ տուն կամ լավ մեքենա ունեն, ուրեմն իրենք լավ ու հարգված մարդիկ են: Սա խոսում է այն, մասին որ մարդիկ այլևս իրենք իրենց չեն հարգում, ուզում են հարգված լինել ուրիշների կողմից»,- նկատեց նա:
Հոգեբանը նշեց նաև, որ մարդկանց մոտ զարգացել է այն հոգեբանությունը, որ եթե տարին լավ են սկսում, ուրեմն այդ տարին հաջողություններով լի է լինում: «Սա շատ սխալ է, ինչն արդեն հոգեբանություն է դառնում: Սեղանները խորհրդային շրջաններից եկած սովորույթ են: Գնալով, սակայն, ամանորյա ավանդույթներն էլ իրենց զիջում են նոր բարքերին ու սովորույթներին, ինչն էլ ավելի վտանգավոր է դառնում: Այսօր հարուստ ու միջին խավը գնում են դրսում Ամանոր նշելու, իսկ աղքատները մնում են Հայաստանում: Նրանք էլ կամ կնշեն, կամ չեն նշի: Ստացվում է, որ Հայաստանում ով փող ունի Ամանոր է նշում, ոչ չունի՝ չի նշում: Սա ևս հոգեբանական խնդիր է: Ամանորը բոլորի տոնն է, ուստի պետք է ուրախանալ»,- ասաց հոգեբանը՝ նկատելով, որ այսօր տոներից առաջ ոչ թե առաջանում ե սթրեսներ, այլ զուտ ֆինանսական խնդիրներ:
Իսկ խնդիրներից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս ավելի թեթև մոտենալ այս ամենին, պատրաստվել՝ ըստ հնարավորությունների ու կարողությունների, կարևորն ուրախ դիմավորել, և վատ հիշողություններն ու տխրությունները թողնել անցնող տարում:
«Գալիք տարվա առաջին երկու շաբաթն ամենաերկար հանգստյան տոներեն են: Հետևաբար, պետք չէ միայն տանը նստել և հյուրեր ընդունելով՝ ուտել-խմել: Այդ օրերին են, որ գրանցվում են բազմաթիվ սրտի և ուղեղի կաթվածներ, թունավորումներ և այլն: Դուրս եկեք տանից, հրաժարվեք ուտելիքից, զբոսնեք, ի սրտե ուրախացեք և եղեք առողջ»,-խորհուրդ տվեց հոգեբանը: