26/12/2014 18:08
Դատախազ. Անհերքելի ճշմարտություն է, որ Վանիչկան ինքնասպանություն է գործել
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Հայաստանի ՊՆ N զորամասում ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ Վանիչկա Հովակիմյանի գործի քննությունը:
Դատախազ Հարությունյանը անհերքելի ճշմարտություն է անվանում այն, որ Վանիչկան ինքնասպանություն է գործել և դրան նրան հասցրել են այս գործով դատապարտված զինծառայողները։
Նրա խոսքով՝ Արման Մուրադյանի նկատմամբ նշանակված պատժաչափը համաչափ է և արդարացի, քանի որ նա, երկար ժամանակ ծառայելով Զինված ուժերում, պետք է ավելի զգոն լիներ, Ա. Մուրադյանը անգործություն է ցուցաբերել, իսկ Շմավոն Կուրեխյանի և Պարույր Մկրտչյանի արարքներին առաջին ատյանի դատարանը հստակ որակում տվել է և ինքը դրան չի ցանկանում անդրադառնալ:
Դատախազը չկարողացավ պատասխանել դատավորի հարցին, թե ինչու օրապահներ Բաբախանյանին և Սարգսյանին մեղադրանքներ չեն առաջադրվել։
Դատավորի մոտ զարմանք առաջացրեց դատախազի այն արտահայտությունը, որ Նարեկ Միտոյանը 2 անգամ տարբեր ժամանակ է մտել պահասենյակ, ինչին դատավորը հակադարձեց. «Նրանք էլ են եղել պահասենյակում, ինչի՞ Բաբախանյանին և Սարգսյանին չեն մեղադրանք առաջադրել»։