26/12/2014 16:10
«Կենտրոն մաքրության» աշխատակիցներին խոստացել են վճարել փետրվարին
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում այսօր Երևանի Կենտրոն համայնքի աղբահանությունը «Սանիտեկ» ընկերությանը փոխանցելուց հետո լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ:
Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերի վերջնահաշվարկի և արձակուրդայինի վճարում:
Չնայած քաղաքապետարանից խոստացել էին աղբատար մեքենաների վաճառքից ստացված գումարով վճարել վերջնահաշվարկը, սակայն այսօր Նախագահի նստավայրի մոտ քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը ասաց, որ նրանց վճարումը կապված չէ աղբատարների վաճառքի հետ:
«Կազմակերպությունը գնում է լուծարման, մենք հիմա չենք կարող վճարել ձեր աշխատավարձերը: Դա կլինի փետրվարին»,- ասաց նա:
Ակցիա իրականացնողները հեռացան Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ հանդիպելու համար, սակայն դրական արդյունք չլինելու դեպքում պատրաստվում են կրկին վերադառնալ Նախագահի նստավայրի մոտ: