27/12/2014 10:17
Ընդդիմությանը մաղթում եմ առողջություն. Ա. Աշոտյան
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը 2015 թվականը պատրաստվում է դիմավորել Հայաստանում, և ինչպես ինքն ասաց՝ տանը, ընտանիքի գրկում:
Aysor.am-ի թղակցի հետ զրույցում նախարարը ասաց. «Ընտանիքից լավ տեղ չկա»:
Իսկ հարցին, թե ինչ է նախընտրում նախարար Արմեն Աշոտյանը նվեր ստանալ, նա պատասխանեց՝ գրքեր: Ինքն անձամբ սիրում է նվերներ թե՛ ստանալ, թե՛ նվիրել: Նախարարի նախընտրած ճաշատեսակը ևս յուրօինակ անվանում ունի. «Համեղ»…
Նախարարը նշեց, որ արդեն ընտանիքի համար պատրաստել է անակնկալներ, իսկ թե ինչ են պատրաստել ընտանիքի անդամներն իր համար նախարարը տեղյակ չէ. «Կարևորը ջերմություն եմ ստանում: Ընտանիքիս համար պատրաստել եմ այն, ինչ որդիներս գրել են Ձմեռ պապիկին ուղղված իրենց նամակներում: Յուրաքանչյուրիս ցանկությունն է անել մի քիչ ավելի, քան կարող ենք, և ես պատրաստ եմ անել այն, ինչ իմ հնարավորություններն են այսօր ներում»,- ասաց նախարարը:
Ի՞նչ սպասելիքներ ունի Արմեն Աշոտյանը 2015 թվականից: Նախարարը նշեց, որ դժվար է երկու բառով նկարագրել իր բոլոր սպասելիքները: «Դրանք շատ են. և՛ մարդկային, և՛ քաղաքացիական, և՛ հայրենասիրական, որոնք և՛ պարզ են, և՛ բարդ՝ միաժամանակ: Որպես մարդ՝ կցանկանամ, որպեսզի մենք երբեք չկորցնենք մեզ հարազատ մարդկանց: Որպես ՀՀ քաղաքացի՝ կցանկանամ, որ ապրենք խաղաղ և ուժեղ երկրում: Որպես ԿԳ նախարար՝ կցանկանամ, որ մեր երեխաները շատ ավելի շատ սովորեն ու նվաճումներ ունենան»,- ասաց Աշոտյանը:
Իսկ Ձմեռ Պապից ԿԳ նախարարն այս տարի ակնկալում է այնքան ուժ ու եռանդ, որպեսզի կարողանա բավարարել իր ընտանիքի բոլոր ցանկությունները:
Իսկ գործընկերներին, այդ թվում և ընդդիմադիր, նախարարը մաղթում է, որ 2015 թվականին նրանք բոլորը լինեն առողջ: «Ես չեմ հեգնում, բայց մեզ պետք է լավ, ուժեղ և իսկական ընդդիմություն: Ես շատ ուրախ կլինեի, որ ընդդիմության դաշտում ունենայինք կրթության ոլորտի մասնագետ, ով ինձ կհուշեր, թե ինչպես աշխատեի»,- ասաց նա: