27/12/2014 09:30
«Գանձասարի» տնօրեն. Ճիշտ կլինի, որ ակումբի հովանավորն ու սեփականատերը նույնը լինեն
«Հրապարակը» ներկայացրել է հարցազրույց բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Գանձասար» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանի հետ:
- Թվում է՝ «Գանձասարը» ֆինանսների առումով չպետք է կանգներ խնդիրների առջև, քանի որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նման լուրջ հովանավոր ունի:
- Այո, առայսօր ամեն ինչ նորմալ է ընթացել: Բայց հովանավորի նոր կոլեկտիվը նաև նոր պահանջներ է ներկայացնում: Հիմա մենք նոր-նոր ծանոթանում ենք, և դժվարություններ կան ոչ միայն ֆինանսական, այլև աշխատանքային տեսակետից:
Արտասահմանցի ֆուտբոլիստներին աշխատավարձը վճարում ենք դոլարով, իսկ տարադրամի փոխարժեքի տատանումները մեզ համար լուրջ խնդիրներ են ստեղծում: Բացի այդ, «Գանձասարի» ծախսային մասը շատ ավելին է, քան մյուս ակումբներինը: Երևանյան ակումբները, պատկերավոր ասած, ծախսում են 6 դրամ, մենք՝ 10: Մանկապատանեկան, առաջին և բարձրագույն խմբի թիմերը հիմնականում խաղում են Երևանում: Միայն պատկերացրեք, թե որքան ծախս է պահանջվում՝ Կապանից Երևան և հակառակ ուղղությամբ տեղաշարժի համար:
Մանկապատանեկան թիմերն ստիպված են առավոտյան ժամը 06:00-ին մեկնել Կապանից, հոգնած հասնել Երևան, խաղալ ու վերադառնալ: Բնական է, նաև արդյունքներն են ցածր:
«Գանձասարի» հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իսկ ակումբի սեփականատերն ու նախագահը՝ Մաքսիմ Հակոբյանը: Փոխհարաբերություններում խնդիրներ կան, սակայն առայժմ չեմ կարող խաղաքարտեր բացել կամ կոնկրետ ասել, թե ինչ կլինի: Հունվարի սկզբին ամեն ինչ պարզ կլինի: Թիմը պարտք-պահանջ չունի: Ֆուտբոլիստները նույնիսկ դեկտեմբերի աշխատավարձն են ստացել: Մանր պարտքեր կան, բայց դրանք էական խնդիր չեն: Տարադրամի փոխարժեքի տատանումներից մենք այս անգամ շատ չտուժեցինք, քանզի դրանք գրանցվեցին տարեվերջին, իսկ մենք հիմնական ծախսերն արդեն կատարել էինք: Մնում է հուսալ, որ 2015 թ. նման տատանումներ չեն լինի:
-Ֆինանսական ճգնաժամը խնդիրներ է ստեղծում համաշխարհային ֆուտբոլում…
- Ես կասեի, որ ամենածանրը հայկական ֆուտբոլի վիճակն է: Ակումբ պահելը մեկ հոգու համար շատ ծանր գործ է: Պետք է պետական մոտեցում լինի կամ անհատների մի խումբ հանդես գա՝ որպես մեկ ակումբի սեփականատերեր: Մեր բոլոր ակումբներից յուրաքանչյուրը ֆինանսավորվում է մեկ մարդու կողմից, և դա լուրջ խնդիր է: Միշտ չէ, որ նրա բիզնեսը ծաղկում է: Դժվարություններ են լինում, որոնք անդրադառնում են նաև ակումբի վրա:
- Ըստ Ձեզ՝ «Գանձասարն» ինչպե՞ս կարող է դուրս գալ ստեղծված իրավիճակից:
- Չեմ կարող լուծման ուղիներ առաջարկել, որովհետև անորոշ հարցեր շատ կան: Երբ դրանք որոշակի դառնան, ավելի կոնկրետ կարող ենք խոսել: Ճիշտ կլինի, որ ակումբի հովանավորն ու սեփականատերը նույնը լինեն: Խնդիրներն այդ դեպքում ավելի հեշտ կլուծվեն: