27/12/2014 14:44
Լոռու մարզպետ. Սոցիալական լարվածությունը մարզում շատ է
2014թ.-ը մեզ համար սոցիալական մարտահրավերների տարի էր և մեր բոլորի քայլերն ուղղված էին այդ մարտահրավերները մեղմելու կարևոր գործին: Այս մասին, ըստ մարզպետարանաի կայքի, լրագրողների հետ տարեվերջյան ասուլիսում ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
«Սոցիալական լարվածությունը մարզում շատ է, սակայն մեր կողմից ձեռնարկված քայլերը այդ լարվածությունը մեղմելու համար ևս քիչ չեն: Տարին հնարավոր կլինի ամփոփել հաջորդ տարեսկզբին և ես, ընդունված կարգի համաձայն, հանդես կգամ տարեկան ամփոփ հաշվետվությամբ»,- ասել է նա:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ մարզի ղեկավարը նշել է, որ պետական աջակցությամբ զգալի ծրագրեր են իրականացվում, ինչի արդյունքում գյուղատնեսությունը դարձել է որոշ առումով նաև եկամտաբեր բիզնես: Պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ ավելի քան 4000 հեկտարով ընդարձակվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, ավելացել է գրեթե բոլոր մշակաբույսերի բերքատվությունը, անասնագլխաքանակը, անկում է գրանցվել միայն խոզաբուծության բնագավառում՝ աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով: Ավելացել է նաև խոշոր եղջերավոր անասունների կաթնարտադրությունը: Ոչխարաբուծության զարգացման առումով Ա. Նալբանդյանը որպես հեռանկարային, կարևորեց Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցության արդյունքում Լուսաղբյուր համայնքում ոչխարաբուծական ֆերմայի հիմնումը:
Քաղաքաշինության ոլորտում ևս, ըստ մարզի ղեկավարի, զգալի ծրագրեր են իրականացվել, ինչպես պետական միջոցներով, այնպես էլ բարեգործական ընկերությունների, միջազգային ծրագրերի աջակցությամբ: Այս տարի մի շարք դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ոչ միայն պետական միջոցներով իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի շրջանականերում, այլև դպրոցների տնտեսած միջոցներով: Այս և նմանատիպ այլ ծրագրեր իրականացվելու են նաև հաջորդ տարի:
Արդյունաբերության ոլորտում ունեցած մեծագույն հաջողությունը Ա. Նալբանդյանը համարել է «Թեղուտ» ՓԲԸ գործունեության մեկնարկը: Վերջինս հանքարդյունաբերություն իրականացնող ձեռնարկություն է: Ներկա դրությամբ այստեղ աշխատում է 1250 քաղաքացի: Այստեղ կատարվել է ավելի քան 365 մլն դոլարի ներդրում: Միջազգային և տեղական փորձագետների վկայությամբ՝ հանքի շահագործումը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Ենթադրվում է, որ ձեռնարկության գործարկումն այդ տարածաշրջանում կզարգացնի բոլոր ենթակառուցվածքները: Նա առանձնացրեց նաև Սպիտակի թռչնաֆաբրիկայի գործարկումը, այստեղ կաշխատի 200-220 մարդ, Սպիտակի տրիկոտաժի ֆաբրիկայի գործարկումը՝մինչև 100 աշխատատեղով, Տաշիրի տարածաշրջանում պանրարտադրության զարգացումը և այլն: Ինչ վերաբերում է Վանաձորի քիմգործարանին, Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ իր խնդրանքով և ՀՀ Նախագահի հանձնարարականով դեկտեմբերի 1-ի դրությամբ բոլոր աշխատակիցների աշխատավարձերի պարտքերն ամբողջությամբ մարվել են:
Խոսելով կրթության ոլորտի մասին՝ մարզի ղեկավարը կարևորեց որակյալ կրթության ապահովումը և նշեց, որ այս ոլորտում մարզպետարանի կողմից իրականացվող բոլոր քայլերն ուղղված են այդ խնդրի լուծմանը:
Հարցին՝ Կառավարությունը մարզերի համաչափ զարգացման կուրս է վերցրել, ի՞նչ պետական ծրագրեր են իրականացվելու 2015թ.-ին:
«Վստահ եմ, որ ՀՀ կառավարության կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագրերի միջոցով լուծում կստանան բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են բոլոր բնագավառներին: Ընդ որում ծրագրերն ինքնանպատակ չեն իրականացվում, դրանք համադրվում են համայնքների զարգացման քառամյա զարգացման ծրագերին: Մեր խնդիրը համայնքներում կյանքն առավել բարեկեցիկ դարձնելն է: Այս առումով ուզում եմ առանձնացել մարզում իրականացվող հրատապ ծրագրերը, որոնց շրջանակներում մի շարք կարևոր աշխատանքներ են իրականացվել մարզի համայնքներում: Ծրագիրը շարունակական կլինի նաև 2015թ.-ին: Պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերից ուզում եմ առանձնացնել նաև Առողջապահության ԾԻԳ-ի, Կրթութայն ԾԻԳ-ի, Մշակույթի նախարարության պատվիրատվությամբ իրականացվող, ինչպես նաև մի շարք այլ կարևոր ծրագրեր: Ինչպես գիտեք, սկսված է Վանաձորի բժշկական կենտրոնի շինարարությունը, որն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի կառուցումն ամբողջությամբ կատարվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, ինչը լուրջ օգնություն է մարզի համար: Համոզված եմ, որ 2016թ.-ին Վանաձորը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն»,-ասել է նա:
Հարցին՝ 2015թ.-ից արդյոք ի՞նչ սպասելիքներ ունեք, որը կլինի տարվա գլխավոր ձեռքբերումը, նա պատասխանել է. «2015-ի գլխավոր ձեռքբերումը կհամարեմ Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման, ինչպես նաև Ստեփանավան-Օձուն ճանապարհահատվածի վերանորոգման մեկնարկը, ինչը շատ կարևոր է մեզ համար»: