27/12/2014 15:13
Տուն-ինտերնատի տատիկ-պապիկները նվերներ են պատրաստել մանկատան երեխաների համար. Լուսանկարներ
Տաք գուլպաներ ու ժիլետներ տատիկ պապիկներից՝ երեխաներին: Այսօր Երևանի «Մանկան տուն» մանկատանը հյուր էին Նորքի տուն-ինտերնատի բնակիչներն, ովքեր երեխաների համար ձեռագործ նվերներ էին պատրաստել:
«Նման միջոցառման գաղափարը վաղուց կար: Հենց իրենք՝ մեր տուն-ինտերնատի բնակիչներն են բազմիցս ցանկություն հայտնել երեխաներին ինչ-որ բանով աջակցելու»,- մեզ հետ զրույցում պատմում է տուն-ինտերնատի միջոցառումների կազմակերպիչ Արաքսյա Սահակյանն՝ ավելացնելով.
«Այս տարի ծերերի միջազգային օրն անցկացված միջոցառման ժամանակ մեր բնակինչներից ոմանք առաջարկեցին, որ կկարողանան տաք իրեր գործել ու փոխանցել մանկատան երեխաներին: Տնօրենին շատ դուր եկավ այդ գաղափարն ու ինքն էլ ամեն ինչով աջակցեց: Այս դեպքում կարծում եմ նախաձեռնությունը կարևոր է, որովհետև և′ երեխաները, և′ ծերերն առանձնահատուկ խնամքի ու ուշադրության կարիք ունեն»,- պատմում է Արաքսյա Սահակյանը:
.
86 տարեկան Գուրգեն պապն արտաքինից իսկական Ձմեռ պապ է: Ասում է՝ երկար տարիներ մանկապարտեզում է աշխատել, սիրում է երեխաներին: Երբ հիմայի մասին եմ հարցնում եմ՝ կախում է հայացքը, թե ՝ «դե հիմա ծերանոցում եմ» ու չի շարունակում.
«Այսօր այստեղ եկանք, որ ուրախացնենք երեխաներին: Մենք փոքր ժամանակ տեսել ենք այդ ուրախությունը, մեզ ուրախացրել են, հիմա էլ այդ ուրախությունը մենք պիտի հասցնենք երեխաներին»,- ասում է Գուրգեն պապն ու շարունակում.
«Շատ հեռու տեղից եմ եկել»:
Մտածում եմ պապը նկատի ունի, որ տուն-ինտերնատից «Մանկան տուն» տանող ճանապարհն է երկար թվացել կամ դե որ արմատներով է ինչ-որ հեռու տեղից: Պարզվում է՝ պապն այս առումով իր պատմությունն ունի.
«Լապլանդիայից եմ: Ընդեղ Ձմեռ պապիները հավաքվում են ու գնում՝ ամեն մեկն իր ուղղությամբ: Անտառում գիշերը քիչ էր մնում գազաններն ինձ հոշոտեին, բայց մի բարի գազան հայտնվեց, ասեց ինքը Երևան է գնում՝ թողեք ուրեմն թող գնա»,- պատմում է պապն ու բեղի տակ ժպտալով նայում ինձ:
Հարցնում եմ՝ ուրախացա՞ն երեխաները, պատասպանում է՝ այո ու ավելացնում.
«Կյանք է, մի անգամ է տրված պիտի կարողանաս երջանիկ ապրես ու հետն էլ՝ երջանկացնես»:
Բոլորին Ձմեռ պապ-Գուրգեն պապն ուրախ տարի ու առողջություն է ցանակնում.
«Ամենակարևորը, որ այստեղի երեխաները մեծանան ու իրենց ծնողներին ճանաչեն: Էդ մեծ բան ա»,- ասում է Գուրգեն պապն ու մտքերով ընկնում:
Նորքի տուն-ինտերնատի բնակիչ տիկին Նորան երեխաներին տրված նվերներն իր ձեռքով է գործել:
«Ընկերուհուս հետ ենք արել»,- ասում է տատիկն ու ավելացնում՝ իր անունն էլ է Նորա:
«Ժիլետներ ենք բերել ու գուլպաներ:Երեխաները ամեն նոր բանի համար ուրախանում են ու իրենց համար առաջին հերթին ուշադրությունն էր կարևոր: Դա հիշողություն կմնա իրենց, որ տատիկները գուլպաներ են գործել ու բերել: Մի տեսակ հարազատություն կզգան»,- ասում է տիկին Նորան ու տատիկներն ավելացնում են՝ սա մեզ համար էլ էր շատ կարևոր.
«Մեծ սիրով ենք արել, ոնց որ մեր թոռնիկների համար…»: