27/12/2014 15:26
Հասմիկ Պողոսյան. Բոլոր հարթակներն օգտագործելու ենք՝ Ցեղասպանության թեման ներկայացնելու համար
Հայաստանի մշակույթի նախարարությունը կարևորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումները, որոնք նախ և առաջ պետք է ուղղված լինեն հայ հասարակությանը, ապա նաև ամբողջ աշխարհին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Կարևոր է, թե ինքներս մեզ ինչ պետք է ասենք: Մենք պետք է նորից պատմենք մեր հարյուր տարվա պատմությունը, ինչպես ենք ապրել Ցեղասպանությունից հետո: Կարևոր է, որ կարողանանք այդ պատմությունը ճիշտ վերարտադրել»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ Հայաստանը բոլոր հարթակներն օգտագործելու է՝ Հայոց ցեղասպանության թեման ներկայացնելու համար, մասնակցելով բիենալեներին, փառատոներին, ցուցահանդեսներին:
Նրա խոսքով՝ Մշակույթի նախարարության, Հայաստանի Ազգային արխիվի, Հայաստանի Պատմության թանգարանի, Պատմության ինստիտուտի, Մայր Աթոռի ջանքերով 2015 թ. ապրիլին Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է հայ ժողովրդի պատմությունը՝ Հայոց ցեղասպանությունից հետո ցուցահանդես, ինչը կարևորագույն միջոցառում է:
Նա նաև ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հաջորդ տարվա ընթացքում տարբեր երկրներում իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ «Քեզ հետ՝ Հայաստան» խորագրով: