29/12/2014 10:54
Facebook սոցիալական ցանցը ներողություն է խնդրել օգտատերերից «Տարվա ամփոփում» տեսահոլովակների համար
Facebook սոցիալական ցանցը ներողություն է խնդրել օգտատերերից այն բանի համար, որ «Տարվա ամփոփում» տեսահոլովակները կարող էին հիշեցնել անցնող տարվա տհաճ իրադարձությունների մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Facebook-ի այս նախաձեռնությունը ոչ բոլորին է դուր եկել և ոմանց մոտ այն առաջացրել է տհաճ հիշողություններ: Վեբ-դիզայներ Էրիկ Մայերը, ով այս տարի կորցրել է իր վեցամյա դստերը, գրել է իր բլոգում, որ Facebook-ը որպես գլխավոր նկար տեղադրել է իր դստեր լուսանկարը՝ նկարազարդված կերպարների կողքին և նշել, որ մարդիկ, որոնց կյանքում ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել, չէին ցանկանա վերհիշել այդ տարին:
Տվյալ գործառույթի մենեջեր Ջոնաթան Գելերը ներողություն է խնդրել Է. Մայերից և ասել, որ իրենք կաշխատեն գործառույթի կատարելագործման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այս գործառույթը օգտատիրոջ ամենաշատ դիտված նկարների և գրառումների սլայդ-շոու է ստեղծում` «Սա հիանալի տարի էր: Ուրախ եմ, որ մենք այն միասին անցկացրինք» վերնագրով: