29/12/2014 13:43
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Էդուարդի Հովհաննիսյանի վաղաժամ մահվան մասին:
Վահան Հովհաննիսյանն անգնահատելի ավանդ ունի հայոց անկախ պետականության կերտման գործում և ազգային-ազատագրական պայքարում: Նա մեծ հայրենասեր էր, փորձառու քաղաքական գործիչ, հմուտ դիվանագետ, լավ ու բարի անձնավորություն, ով մեծ հարգանք էր վայելում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին և մերձավորներին, մաղթում արիություն ու ոգու կորով:
Վահան Հովհաննիսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: