29/12/2014 11:09
Հիշելով Վահանին….
Կյանքից հեռացավ Վահան Հովհաննիսյանը: Գիտեինք, որ առողջական խնդիրներ ունի, իսկ երբ նշանակվեց Գերմանիայում ՀՀ դեսպան` հույս արթնացավ, որ…. չստացվեց:
Այս անգամ էլ սարսափելի հիվանդությանը խաբել չհաջողվեց, ու առանց հաշվի նստելու` պատիվ, հարգանք, տարիք, սուր հումոր, որ ամենին այս կյանքում դիմակայել է, մահը տարավ նրան մեզանից:
Երկար տարիներ աշխատել եմ Վահան Հովհաննիսյանի հետ: Նման մարդկանց մասին ասում են ոչ միանշանակ, քանի որ կարող էր ըստ տրամադրության պոռթկալ, արձագանքել հարցիդ կամ ընդհանրապես չարձագանքել ու հեռանալ` իր հայտնի, փոքր-ինչ աջ ոտքի վրա ծանրացում-շեշտադրում քայլվածքով` ժամանակին ստացած վնասվածքն իրենն ասում էր: Բայց երբ տրամադրությունը լավ էր, ինքն էլ խորհրդարանի իր աշխատասենյակում` բազմաթիվ թղթերի, գրքերի շրջապատում, երբեմն նաև սիրելի բուրավետ կոնյակը ձեռքին, ապա հարցազրույցը ստացվում էր լավը, ու դրանից դուրս էլ ընկեր Վահանը ավելի շատ բան էր պատմում:
Սիրում էր քաղաքականությունը, դրա մեջ իրեն զգում էր ու սիրում էր, երբ հարց էիր տալիս, որը հնարավորություն կտար իրեն բացատրել իրական քաղաքագիտական օրինակներով, պատմությունից... Իսկ երբ հարց էիր տալիս ու ասում էր` «այ~, շատ կարևոր հարց եք տալիս», համոզված եմ` իմ ու գործընկերներիցս շատերի համար սա ամենալուրջ գովասանքն էր:
Վահան Հովհաննիսյանը մշտապես հայտնվում էր կեսկատակ-կեսլուրջ ռեյտինգային բոլոր հնարավոր աղյուսակներում: Մի քանի տարի առաջ, երբ այսքան շատ չէին լրատվամիջոցները ու ոչ այդքան բազմազան, լրագրողները հաճախ էին նման անվանակարգերում տեղավորում իրենց սիրելի կամ չսիրելի պատգամավորներին: Վահան Հովհաննիսյանը մշտապես «սիրելիների» թվում էր, անգամ եթե իրականում սիրելի էլ չէր, ու հաղթող էր ճանաչվում այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են` «ամենախարիզմատիկ պատգամավոր», «ամենախելացի ու ամենաինտելեկտուալ պատգամավոր», «ամենանորաոճ պատգամավոր», անգամ` «ամենասեքսուալ պատգամավոր»: Իրեն էլ նույնն էինք ասում, երբ աշխատասենյակ էր շտապում ու մի պահ կանգ առնում միջանցքի այն հատվածում, որտեղ սովորաբար լրագրողներն են հավաքվում: Լսում էր, իր հայտնի խորհրդավոր ժպիտով ժպտում, խոսակցությանը աղ ու բիբար ավելացնում ու շարունակում ճանապարհը` վերնաշապիկի թևը կիսաքշտած, ձեռքն էլ գրպանում. այդպես ավելի էր համապատասխանում բոլոր այն անվանակարգերին, որ մի հայացքով իրենով էր անում: Բայց վերջին տարիներին ավելի շատ խուսափում էր լրագրողներից ու պատրաստակամ աշխատում թերևս նրանց հետ, ում հետ ճանապարհ էր անցել:
Իր պատգամավորության վերջին ամիսներին Վահան Հովհաննիսյանը համեմատաբար քիչ էր ելույթ ունենում, բայց երբ ելույթ էր ունենում` դա անմիջապես դառնում էր քննարկման առարկա: Օրինակ, վերջին սուր ելույթներից էր «դալանների» հիշատակմամբ ելույթը, որն ուղղված էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ու Հրայր Թովմասյանին` այն ժամանակ Արդարադատության նախարար:
Վահան Հովհաննիսյանը ակնարկել էր` «եթե դուք մի տեղ առանձին ձեր թեկնածությունը դնեք, ու ձեզ չպաշտպանի հանրապետության նախագահը, Հովիկ Արգամիչը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողովում չեք լինի, այլև կարտագաղթեք: Դուք կարտագաղթեք, տղե՛րք…» : Ելույթը, բնական է, չմնաց անպատասխան օպոնենտների կողմից, իսկ երեկ, երբ գույժը ստացվեց, Արմեն Աշոտյանը պատմեց, որ սեպտեմբերին հանդիպելով Վ.Հովհաննիսյանին Բեռլինում, հիշեցրել է այն ու ասել, որ մեռնելու իրավունք չունի, մինչև իրեն ու Հրայրին դալանում չծեծի: Ի պատասխան ընկեր Վահանը միայն ժպտացել է` ասելով. «Դե դու արդեն մի կողմ, իսկ Հրայրի մասին դեռ կմտածեմ»:
Մտածելու ժամանակ, սակայն, ճակատագիրը նրան էլ չթողեց….