29/12/2014 13:55
Հայաստանի ազգային արխիվին նվիրաբերվեց թվայնացնող երկու սարք
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը գերմանական արտադրության երկու պրոֆեսիոնալ սքաներներ նվիրաբերեց Հայաստանի ազգային արխիվին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին արխիվային փաստաթղթերի և նյութերի թվայնացման գործընթացն ավելի արագացնելու նպատակով: Այս մասին հայտնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից:
IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը կարևոր է համարել ժամանակակից տեխնիկայով արխիվների վերազինումը: «Արխիվային փաստաթղթերի թվայնացումը և հետազոտողներին որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխան արխիվային ծառայությունների մատուցումը խիստ կարևոր է: Ուրախ ենք, որ մեր ներդրումը կարող ենք ունենալ այդ գործում և շարունակելու ենք օժանդակել հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի թվայնացմանը»,-նշեել է հիմնադրամի գլխավոր տնօրենը:
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին՝ իրենց համար խիստ անհրաժեշտ սարքերի նվիրաբերության համար:
«Հայաստանի ազգային արխիվն ունի բարեկամներ, որոնք օգնում են վերազինման հարցում: Մենք ունեինք ընդամենը երկու թվայնացման սարք, IDeA հիմնադրամից այսօր ստանում ենք ևս երկուսը, ինչը հնարավորություն կտա կրկնապատկել արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքների ծավալը: Հուսով եմ, որ 2015 թվականին կկարողանանք երկու անգամ ավելի շատ նյութեր թվայնացնել և հասարակությանն ու հետազոտողներին մեր ժողովրդի պատմության մասին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել»,-ասել է Ա. Վիրաբյանը: