29/12/2014 11:41
ԲՀԿ-ն խնդիրները դուրս է բերում քաղաքական հարթությունից
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ծառուկյանի նախաձեռնությամբ, հունվարի 20-ին, խորհրդակցություն-քննարկումներ անցկացնելու մասին, խորը վերլուծությունների առիթ տվեց:
Խնդիրն այն է, որ կար տպավորություն, թե ԲՀԿ-ն, ինչպես եռյակի մյուս կուսակցություներն ու նրանց հարող արբանյակ ուժերը, Հայաստանի առջև առկա խնդիրների լուծումը տեսնում էին կոնսոլիդացված, քաղաքական համախմբվածության շրջանակներում:
Այսինքն՝ ձևակերպվել էր քաղաքական խնդիրը, կար օրակարգ (դրա շուրջ ամբողջական կոնսենսուս չկար), որի միջոցով էլ եռյակը փորձում էր առաջ մղել իր քաղաքական պահանջները:
Այն, որ Ծառուկյանի մամուլի խոսնակը շեշտում է՝ նախաձեռնության գաղափարը ոչ թե ԲՀԿ-ինն է, այլ Գագիկ Ծառուկյանինը, ցույց է տալիս, որ գործարարը փորձում է առաջադրված խնդիրները տեղափոխել ապաքաղաքական հարթություն:
Այսինքն՝ ստեղծված իրավիճակում, Ծառուկյանը կարծում է, թե առավել հավանական է, որ իր առաջադրած հարցերը (նաև բիզնես շահերին վերաբերող) լուծում կգտնեն այն պարագայում, եթե դրանք առաջադրվեն ապաքաղաքական հարթությունում (առավելապես մասնագիտական)՝ քաղաքական աղմուկից հեռու:
Սա, ի դեպ, լավագույնս գիտակցում են նաև Եռյակի մյուս ուժերը, ու վերջիններիս կրավորական կեցվածքը՝ Ծառուկյանի նախաձեռնության վերաբերյալ պետք է դիտարկել հենց այս համատեքստում:
Մյուս կողմից, Ծառուկյանի քայլն արդարացված է, քանի որ 2 տասնամյակ հայաստանյան տնտեսական էլիտայի ներկայացուցիչ լինելով, լավագույնս է տիրապետում հարցեր լուծելու արդյունավետ մեխանիզմներին:
Ստեղծված բարդ իրավճակում Ծառուկյանը, ի վերջո, ընտրեց ներկուլիսային բանակցությունների ճանապարհը, որի միջոցով հնարավորություն կստանա ավելիին հասնել, քան հնարավոր էր տարբեր անուններով շարժումներ ստեղծելու ու ռեսուրսներ ծախսելու ուղին: