17/01/2015 18:30
Ի. Տոնոյան. Գ. Ծառուկյանը կհանդիպի Լ. Տեր-Պետրոսյանի ու Ր. Հովհաննիսյանի հետ
Ինչպես հայտնի է, հունվարի 20-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի կունենա խորհրդաժողով, որին հրավիրված են հասարակա-քաղաքական սեկտորի տարբեր ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովի վերաբերյալ Aysor.am-ի հարցերին պատասխանել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
-Արդոք առաջիկայում պլանավորվո՞ւմ են հանրահավաքներ:
-Միանշանակ այո՛: Նախորդ հանրահավաքից մինչ օրս ընկած ժամաակահատվածը մենք օգտագործել ենք ժողովրդի հետ շփվելու, մարդկանց պահանջներն ու խնդիրները լսելու, ժողովրդի դժգոհությունների չափն ու ակնկալիքները արձանագրելու նպատակով, և այսօր արդեն մենք լիակատար տիրապետում ենք հանրային տրամադրությունների մասին տեղեկատվությանը, գիտենք՝ որոնք են ժողովրդի պահանջներն ու սպասումները:
Հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրած «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին» ներկայացված առաջարկների հիման վրա և եռյակի ղեկավարի քննարկումների արդյունքում էլ առաջիկայում կկայացվեն որոշումներ՝ այդ թվում հանրահավաքների անցկացման և հետագա անելիքների վերաբերյալ:
-Ձեր ասածից արդյոք կարելի՞ է ենթադրել, որ հունվարի 20-ից հետո նախատեսվում է եռյակի ղեկավարների հանդիպում:
-Ես կարող եմ ասել, որ խորհրդաժողովից հետո Գագիկ Ծառուկյանը նախաձեռնելու է հանդիպում Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում ԲՀԿ նախագահը նրանց տեղեկացնելու է խորհրդաժողովի առաջարկությունների փաթեթը և միասնական որոշումներ են կայացվելու հանրահավաքների անցկացման, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցերի շուրջ: