23/01/2015 13:35
Փորձաքննությունների կենտրոնի տնօրեն. Անգամ աֆեկտի պահին ամեն ոք չի կարող երեխա սպանել
Վալերի Պերմյակովը հանցագործի տպավորություն է թողնում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի մասնագիտական առարկների ամբիոնի վարիչ Էդուարդ Մանևը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով երեկ համացանցում տեղադրված` Պերմյակովի հարցաքննությունից կադրերը:
Նրա խոսքով՝ բոլոր հարցերի պատասխանը պետք է տա նախաքննությունը, իսկ Պերմյակովի մասին առավել հստակ կարծիք հայտնելու համար պետք է փորձաքննություն անցկացվի:
Է. Մանևը ասաց, որ Պերմյակովի վրա մեծ ազդեցություն կարող էր գործել է նաև նրա ընտանիքը, մասնավորապես, այն, որ հայրը աղանդավորական է, իսկ եղբայրը դատապարտված է սպանության համար:
Ինստիտուտի տնօրեն, Հայ-ռուսական անկախ դատական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ իրավաբանական ինստիտուտի անդամ, գեներալ-լեյտենանտ Ազատ Թադևոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գործ ունենք դաժան հանցագործության հետ, որի վերաբերյալ իր մոտ բազմաթիվ հարցեր կան:
«Ի՞նչ վիճակում պետք է լինի անձնավորությունը, որ զենքը չկրակելու դեպքում սվինով հարվածի երեխային, հետո թողնի հագուստը և համարակալված զենքը նման ծանրության հանցագործության վայրում և փախչի: Իհարկե, միգուցե նա դա արել է հարբած վիճակում, հագուստը փոխել է, որ իրեն չճանաչեն, սակայն զենքը համարակալված է եղել, իսկ հագուստի վրա եղել է նրա անունը, ինչը բացառիկ երևույթ է, որ հանցագործը թողնի իր մասին տեղեկությունները դեպքի վայրում: Մի բան հստակ է, որ նա զինծառայության անցնելիս բավարար կերպով չեն հետազոտվել, ինչը անթույլատրելի է, քանի որ խոսքը զենքի հետ կապված ծառայության մասին է»,- ասաց Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ տպավորություն է անգամ, որ եթե նա դա արել է, ապա ճնշման տակ և մեկ ուրիշի ուղղորդմամբ, քանի որ մեկ ամսվա զինծառայողը չէր կարող քաղաքը այդպես ճանաչել:
Հարցին՝ ցանկացած մարդ կարո՞ղ է աֆեկտի վիճակում երեխա սպանել, Ա. Թադևոսյանը ասաց՝ ոչ: