06/02/2015 13:29
Ա. Հովհաննիսյան. Ոչ ոք չի թաքցնել, որ կուրսանտի սպանության մեջ մեղադրվողն ինստիտուտի պետի տեղակալներից մեկի որդին է
Ոչ ոք չի փորձել ու չի փորձում թաքցնել այն թերությունները, որոնք կան ռազմական ինստիտուտում: Այս մասին այսօր «Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում» թեմայով քննարկմանն ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հունվարի 29-ին ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանությանը:
«Գլոբալ առումով ռազմական ինստիտուտում նման սարսափելի դեպքը շատ խորքային հետևությունների է հանգեցնում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Քննարկման մասնակից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ, այո, կարևոր էր, դեպքից հետո պաշտպանության նախարարի տված մեկնաբանությունը, սակայն դրա հետ կապված կա մի քանի հարց.
«Առաջին հարցն, իհարկե, այն է, որ դա տեղի է ունեցել բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունում, մի տեղում, որտեղ ապագա սպաներ են պատրաստում: Երկրորդը՝ ինձ մոտ հարց են առաջացնում պատասխանատվության միջոցները, որոնք կիրառվում են՝ հեռացնել աշխատանքից, նկատողություն տալ կամ ընդհանրապես ուղարկել պահեստազոր: Կարծում եմ՝ սրանք ոչ համարժեք մեթոդներ են, որովհետև Հայկազ Բարսեղյանը սպանվել է իր անկողնում: Սպանվել է սենյակում, որտեղ նրանք 7 հոգով էին: Այսինքն նրա նկատմամբ բռնություն է կիրառվել մի սենյակում, որտեղ մյուս 6 հոգին չեն էլ համարձակվել ձայն հանել: Սա խոսում է այն մասին, որ այդ, այսպես ասած, «նայողներն» այնպիսի կարգավիճակ ունեն, որը հնարավոր չէ ձեռք բերել մեկ կամ երկու օրվա ընթացքում»:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը նշեց, որ Ա. Սաքունցի արտահայտած տեսակետների մեջ կան բավականին օբյեկտիվ գնահատականներ և մտահոգություններ, բայց կան նաև որոշ գնահատականներ, որակումներ, որոնք ցույց են տալիս, որ վերջինս մի քիչ քիչ է տեղեկացված:
«Նախարարն ինքն էլ հայտարարեց, որ ինստիտուտում կլինեն լուրջ փոփոխություններ՝ կապված ընդհանուր ծառայության, ուսումնական պրոցեսի, ղեկավար կազմի հետ: Մեզ և կոնկրետ նախարարին էլ է մտահոգում այն հարցը, որ չի կարող ապագա սպան անտարբեր նայել, ինչպես են իր կողքին մարդ սպանում: Բայց ձեր տեղեկությունները մի փոքր սխալ են՝ լրացնեմ: Այո, այդ ննջարանում նրանք 7 հոգով են լինում, բայց սպանողներն էլ էին հենց այդ սենյակից, դրսից չէին եկել: Հայկազից բացի մյուսները սպանողներն էին, իսկ մեկ հոգին սենյակից բացակա է եղել: Այսինքն՝ այլ մարդ կոնկրետ սենյակում չի եղել: Իհարկե, կա վաշտի հերթապահ, կա գումարտակի հերթապահ, ովքեր պետք է տեղում լինեին և այլն, ինչը մենք կոնկրետ հիմա ուսումնասիրում ենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ ոչ մեկ չի փորձել ու չի փորձում կոծկել, որ սպանության մեջ մեղաադրվող Գնել Թևոսյանը ինստիտուտի տեղակալներից մեկի որդին է:
«Այո, այս 20-ամյա ինստիտուտում կան բացթողումներ, բայց սա նաև այն ինստիտուտն է, որ վերջին երեք տարվա ընթացքում տվել է երկու «Մարտական խաչի» ասպետ: Այն հերոսությունները, որ դուք տեսնում եք սահմանին նույն ռազմական ինստիտուտի շրջանավարտներն են կատարում: Այնպես որ՝ պետք չէ թացը չորի հետ խառնել»,- ավելացրեց ՊՆ մամուլի քարտուղարը: