16/02/2015 18:54
Է. Մարուքյան. Արձանագրություններն այլևս վերջացած են
«Հռչակագրի ընդունումից հետո ակնհայտ էր, որ հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվելու, ուղղակի ժամանակի հարց էր»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչել ԱԺ-ից:
Պատգամավորի խոսքով` Հռչակագիրն ընթերցելուց հետո նա նման եզրակացության էր եկել և փաստորեն այսօր դա տեղի ունեցավ, քանի որ Հռչակագրի ու արձանագրությունների միջև առկա էր հակասություն.
«Եթե կա Հռչակագիր, ուրեմն չպիտի լինեն արձանագրությունները, եթե կան արձանագրությունները, ապա չպետք է լինի Հռչակագիր: Եվ նման որոշումը շատ ողջունելի է, որ արձանագրություններ հետ կանչվեցին, չնայած ես միշտ արտահայտվել եմ, որպեսզի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման օգտին: Բայց, ըստ էության, մեր կողմից այդ ուղղությամբ ամեն բան արվել է, որպեսզի հարաբերությունները վերականգնվեն, սակայն դա տեղի չունեցավ»,- արձանագրեց մեր զրուցակիցը` հույս հայտնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո հետևություններ կարվեն և բանակցությունների նոր գործընթաց կսկսվի` հայ-թուրքական հարաբերությունների վերականգնմանն ուղղված:
Դիտարկմանը, թե ոմանք նշում են, որ թեև սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ, քանի որ հարկավոր է հայ-թուրքական արձանագրությունների կողմից հետ կանչել Հայաստանի ստորագրությունը, այլապես միայն խորհրդարանից դրանց դուրս բերումը չի երաշխավորում, որ նրանք մի օր հետ չեն վերադառնա, Է. Մարուքյանը նշեց, որ իր կարծիքով` արձանագրությունները ապագայում չպիտի հիմք հանդիսանան որևէ բանակցության, որովհետև արդեն այդ փուլն անցել ենք և ճիշտ կլինի, որ հետագայում դրանք ընդհանրապես չլինեն:
«Սա իրավական որոշակի ուսումնասիրության առարկա է դառնում, պետք է ֆորմալ առումով հասկանալ` եթե ստորագրությունը մնում է, բայց որևէ ընթացք արձանագրությունները չեն ստացել, ապա ինչ այդ դեպքում: Օրինակ, արձանագրությունները Թուրքիայի կողմից չէին ուղարկվել խորհրդարան, բայց ստորագրությունը դրանց տակ առկա էր: Բայց մեկ բանում ես վստահ եմ` արձանագրությունները վերջացած են` ստորագրությունը տակից հետ կվերցվի, թե չի վերցվի, արձանագրություններն այլևս չկան ու չեն կարող հիմք հանդիսանալ որևէ գործընթացի»,- ասաց Է. Մարուքյանը` հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված ցանկացած գործընթաց նոր ելակետ է պահանջում և ոչ թե արձանագրությունների հիմք ընդունումը: