20/03/2015 15:27
Ա. Գիլոյանը` համայնքների խոշորացման մասին. Մենք ասում ենք` լավացնում ենք վիճակը, ոչ թե` վատացնում
Համայնքների խոշորացման մասին խոսվում է վաղուց ու անկախ այն հանգամանքից, որ քննադատությունն առ այդ բարեփոխումը բավականին մեծ էր ու լայնածավալ, Կառավարությունը նախօրեին հավանություն տվեց նախագծին և մայիսի 17-ին երեք մարզերի մի շարք համայնքներում, այսպես ասած` երեք փնջում` Դիլիջանի, Թումանյանի և Տաթևի անցկացվելու է տեղական հանրաքվե: Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ Տարածքային կառավարման և արտաքին իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ քննադատություն, այո, հնչել է, բայց այն թերևս սահմանափակվել է «ինչպե՞ս են տեղեկանք ստանալու», «ինչպե՞ս ենք հասնելու կենտրոն» և «իսկ ի՞նչ հարց է լուծելու» հարցերով:
«Իրականում համայնքների խոշորացումը շատ հարցեր է լուծելու և առաջին հերթին կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրը: Ի՞նչ ունենք այսօր: Օրինակ, նույն Թումանյանի օրինակով ասեմ, վեց համայնքները միավորվելու են մեկ համայնքի` Թումանյան կենտրոնով: Այդ վեց համայնքները բնակիչների փոքր թվաքանակ ունեցող համայնքներ են` մինչև 300 բնակիչ ունեցող կամ` 5-6 մլն դրամ բյուջեով համայնքներ են: Լինենք անկեղծ` ստացվող այդ գումարը ծախսվում է համայնքի աշխատակազմի աշխատավարձերի և կոմունալ ծախսերի վրա. վերջ: Այսինքն` այդ գումարը փոշիանում է»,- նշեց պաշտոնյան: Այս կապակցությամբ, շարունակեց նա, հնչում է քննադատություն, թե Կառավարությունը համայնքների խոշորացմամբ փորձ է անում գումար խնայել, բայց, հարցադրում հնչեցրեց Աշոտ Գիլոյանը, որտե՞ղ է խնայում Կառավարությունը, եթե այսպես կոչված խնայումն էլ միմիայն միտում ունի համայնքներում իրականացվելիք ծրագրերի արդյունավետությունն ապահովելուն:
«Մենք ասում ենք` լավացնում ենք վիճակը, ոչ թե` վատացնում: Այսինքն` ամեն համյանք ունենալու է ներկայացուցիչ, որն էլ կլուծի այդ տեղեկանքի ու նմանատիպ այլ հարցերը, իսկ մեծ համայնքներում, որտեղ բնակչությունը 1000-ից ավելին է, հնարավոր է նաև բացի ներկայացուցչից մեկ-երկու աշխատող ևս լինի: Այո, ստացվում է, որ մնացած աշխատատեղերը կրճատվելու են, բայց լինենք անկեղծ` գյուղապետարանը հո աշխատատեղեր ստեղծելու համար չէ, այլ` ծառայություններ մատուցելու: Իսկ երբ սկսի ծառայություն մատուցել, այդ օղակներում կարող են գտնել աշխատողների»,- ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ համայնքներում կփակվեն մանկապարտեզներ, մարդիկ ստիպված կլինեն երեխաներին կիլոմետրերով տանել կենտրոն և այլն, Աշոտ Գիլոյանն ասաց, որ խոշորացմանը ենթակա համայնքներից մեծամասնությունում մեկ-երկու երեխա է, որ հաճախում է մանկապարտեզ: Բայց Կառավարությունը նաև այս մտավախությանն ունի պատասխան:
«Մենք կառուցելու ենք մի մանկապարտեզ ենթադրենք երկու-երեք համայնքի համար, կառուցելու ենք ճանապարհներ, մեքենա ենք տրամադրելու, որ այդ երեխաներին տանի մանկապարտեզ և բերի տուն: Վա՞տ բան ենք անում: Մասնավորապես՝ այս երեք փնջում, որտեղ հանրաքվե կանցկացվի արդեն մայիսի 17-ին, այս ամենը արդեն նախատեսված է, համայնքապետերը անգիր գիտեն ինչ է պետք անել ու ինչպես: Էլ չեմ ասում, որ բնակիչների հետ էլ խոսել ենք, լսել նրանց ու հավաստիացնում եմ, որ բոլոր խնդիրները, որ վեր են հանվել, ունեն նաև լուծման տարբերակներ»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը:
Վարչության պետը նշեց, որ ընդհանուր առմամբ 14 փունջ ունեն մշակված, որոնցից երեքը, ինչպես արդեն նշեցինք, հանրաքվե կանցկացնեն մայիսին: Արդյունքներից է կախված, թե երբ տեղի կունենա հանրաքվեն մյուս 11 փնջերում:
Ներկայում Հայաստանում 915 համայնք գոյություն ունի, այս թվից շուրջ 450-ը ունեն մինչև 1000 բնակիչ, շուրջ 200 համայնք ունի մինչև 300 բնակիչ: Եվս 100 համայնք ունի մինչև 50 բնակիչ: Բայց այսօր ասել, թե քանի համայնք կունենանք խոշորացման արդյունքում որևէ մեկը չի կարող. Ա.Գիլոյանը հորդորեց սպասել, մինչ առաջին արդյունքները տեսանելի լինեն և արդյունավետությունն էլ երևա, իսկ որ դա այդպես է լինելու` նա չի կասկածում:
Նշենք , որ 2006 թ-ից սկսած ՀՀ կառավարությունը և տարածքային կառավարման նախարարությունը GIZ-ի համագործակցությամբ քայլեր են ձեռնարկում համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների հայեցակարգային մոտեցումների ձևավորման ուղղությամբ: Հայեցակարգի համաձայն` համայնքների խոշորացումը պետք է հանգեցնի հետևյալ արդյունքներին. մարդկային ռեսուրսների համախմբում, ենթակառուցվածքների համախմբում և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում, ֆինանսական կարողությունների ուժեղացում և իրականացվող լիազորությունների շրջանակի ընդլայնում, գյուղատնտեսության զարգացման համար ավելի մեծ հնարավորությունների ստեղծում, համայնքների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման հեշտացում, արդյունավետության բարձրացում և այդ ուղղությամբ իրականացվող ծախսերի նվազեցում: