02/04/2015 14:21
Ի՞նչ են պատմել դաժանաբար սպանված կուրսանտի ծնողները Նաիրա Զոհրաբյանին
Aysor.am-ի թղթակիցն այսօր Ազգային ժողովում նկատել է, թե ինչպես են ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակ մտնում հունվարի 29-ին դաժանաբար սպանված, այնուհետև պտտաձողից կախված, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ծնողները: Մեզ հետ զրույցում պատգամավորն ասաց, որ իսկապես հանդիպում ծնողների հետ տեղի է ունեցել, ընդ որում հանդիպումը տեղի է ունեցել ծնողների առաջարկով, ովքեր իրենց մտահոգություններն են ներկայացրել ընթացող քննության որոշ դրվագների հետ կապված:
«Այո, հանդիպել եմ դաժանորեն, անմարդկայնորեն սպանված երիտասարդ կուրսանտի ծնողների հետ, բայց այս պահին կոռեկտ չեմ համարում հանդիպման մանրամասները հրապարակել ու փակագծեր բացել»,- տեղեկացրեց տիկին Զոհրաբյանը՝ նշելով, որ անմիջապես ծնողների հայտնած մտահոգությունների վերաբերյալ պաշտոնական նամակներ է ուղարկել Պաշտպանության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին ու Զինվորական դատախազին, որոնցում ներկայացրել է Հայկազ Բարսեղյանի ծնողների մոտ առկա մտահոգությունները:
«Հույս ունեմ, որ նշյալ պաշտոնական անձինք առավել ուշադիր կլինեն այս հանգամանքների ու մտահոգությունների վերաբերյալ, որ ունեն Հայկազի ծնողները քննության ինչ-ինչ դրվագների հետ կապված»,-հավելեց ԲՀԿ-ական գործիչը:
Հիշեցնենք, Հայկազ Բարսեղյանի դին հայտնաբերվել էր հունվարի 29-ի լուսադեմին, ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում ՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Ավելի ուշ պարզվեց, որ նախքան սպանելը նրան ծեծի են ենթարկել: