08/04/2015 21:15
Վերադարձ արմատներին. Քիմ Քարդաշյանը Հայաստանում է
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Փարիզ-Երևան չվերթն իրականացնող օդանավը, որով Հայաստան ժամանեց հանրահայտ շոու-աստղ Քիմ Քարդաշյանը՝ ընտանիքի հետ:
Նշենք, որ սա Քարդաշյանների առաջին այցելությունն է հայրենիք: Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր այցը նախանշված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Նա պատմել էր, որ հպարտանում է իր արմատներով, ինչպես նաև՝ հայկական հարուստ մշակույթով: Քարդաշյանը նաև ասել էր, որ Երևանյան այցի ընթացքում անպայման այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Քարդաշյանին հայաստանյան այցելության ընթացքում ուղեկցում է նրա ոչ պակաս հայտնի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, նրանց դուստրը՝ Նորթը, ինչպես նաև՝ Քարդաշյան մյուս քույրերը՝ Քլոյեն և Քորթնին:
Քարդաշյանները Հայաստանում նկարահանելու են իրենց ընտանիքի կյանքի մասին պատմող հայտնի «ռիալիթի շոուի» հերթական մասը, որի ընթացքում հայազգի աստղը փորձելու է ճանաչել սեփական հայրենիքն ու արմատները:
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ հանրահայտ Daily Mail պարբերականում տպագրվեց Քարդաշյանների տոհմի մասին պատմող ծավալուն մի հոդված, որում անդրադարձ կար 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը և դրա հետևանքով ԱՄՆ-ում հայտնված և հայրենիքից դուրս իրենց կյանքը սկսած Քարդաշյանների պատմությանը:
Նշենք, որ Քարդաշյանը շուրջ 78 մլն հետևորդ ունի սոցիալական տարբեր ցանցերում, որտեղ բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու դրա միջազգային ճանաչմանը: Ենթադրվում է, որ նրա գրառումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ լայն տարածում ու հետաքրքրություն կառաջացնեն նրա հետևորդների շրջանում: