26/05/2015 11:00
«Առէկսիմբանկը» դիմել է դատարան՝ Պալաչին սնանկ ճանաչելու համար
Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի անվան շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են ստանում: Aysor.am-ին հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն դիմել է Կոտայքի մարզի դատարան՝ Ա. Հարությունյանին սնանկ ճանաչելու հայցադիմումով:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սնանկ ճանաչելու հայցադիմումի մեջ նշված է ևս երկու ֆիզիկական անձի անուն և երկու ՍՊԸ անուն, որոնք կապ ունեն Արթուր Հարությունյանի հետ: Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ Արմեն Բաղդասարյանն ու Արթուր Դալլաքյանը ֆինանսական պարտավորվածության ու մեծ վարկերի տակ են մտել ընկերոջը՝ Պալաչին օգտակար լինելու համար, սակայն փաստորեն ստացվում է, որ հիմա Պալաչը իր ետևից կտանի բոլորին: Էլ չենք խոսում այն մասին, որ չափազանց տարօրինակ ու կասկածելի է, որ ֆինանսական ահռելի պարտքեր ունեցող, բիզնեսում սխալ կառավարման արդյունքում սնանկության շեմին հայտնված անձնավորությունը ձգտում է դառնալ քաղաքապետ:
Aysor.am-ի հետ զրույցում Աշոտ Տեր-Վարդանյանը նախ դժվարությամբ հիշեց, թե ով է Արթուր Հարությունյանը և ինչ գործի մասին ենք հետաքրքրվում, անգամ նրա հնչեց մականունը գործին չօգնեց: Բայց երբ վերջապես ժամանակավոր կառավարիչը հասկացավ, թե որ գործի մասին ենք հետաքրքրվում, արձագանքեց, որ ոչինչ ասել չի կարող, քանի որ դեռ երեկ է ստացել փաստաթղթերը ու դրանց չի հասցրել ծանոթանալ.
«Ոչինչ ասել չեմ կարող այս հարցի կապակցությամբ, իր հետ էլ դեռ չեմ խոսել»,- նշեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս կարող է այս հանգամանքը ազդել իր քաղաքապետ դառնալու նկրտումների վրա, քանի որ այժմ հանդես է գալիս իբրև Աբովյանի քաղաքապետի թեկնածու, Ա.Տեր-Վարդանյանն ասաց, որ իրականում դժվար է պատասխանել այս հարցին, այն էլ հիմա, որովհետև Ա.Հարությունյանը կարող է գործով առարկություններ ներկայացնի և այլն:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք տեղյակ է ինչ գումարի մասին է խոսքը նա կրկնեց՝ դեռ ոչինչ չի նայել ու չի հետաքրքրվել գործի մանրամասներով:
Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետի ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին: