26/05/2015 14:29
Կեղծ դեղերի խնդիրն արդիական է. Փոխնախարար
Այսօր Երևանում մեկնարկեց «Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղամիջոցների դեմ պայքարի արդի ասպեկտներ» վերտառությամբ երկրօրյա գիտաժողով, որին մասնակցում է մոտ 150 մասնագետ, փորձագետ տարբեր երկրներից: Գիտաժողովի կազմակերպիչն է ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը՝ «Սանոֆի» աջակցությամբ:
«Կեղծ դեղերի խնդիրը արդիական է, վերջին տարիներին նախարարությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացնել այդ ուղղությամբ»,- բացման խոսքում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ հաղորդելով, որ այս պահին «Դեղերի մասին» նոր օրենքը Ազգային ժողովում է:
Ներկայացնելով Դեղերի մասին նոր օրենքը՝ փոխնախարարը նշեց, որ կարգավորվելու է դեղերի շրջանառությունը. մինչև 50 կարգավորող փաստաթուղթ պետք է ընդունվի, որոնք թույլ չեն տա, որ շրջանառության մեջ կեղծ դեղեր լինեն:
«Աշխարհի ոչ մի երկիր ապահովագրված չէ կեղծ դեղերի շրջանառությունից: Չենք կարող հաղթել, բայց կարող ենք դժվարացնել կեղծողների կյանքը»,- իր հերթին նշեց «Սանոֆիի» Եվրասիական տարածաշրջանի անվտանգության գծով տարածաշրջանային տնօրեն Յուրի Օռլովը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանն ասաց, որ կեղծ դեղերի պայքարը մշտապես գտնվում է ԱՀԿ ուշադրության կենտրոնում, մշտապես քննարկումներ են ծավալվում, որոշումներ ընդունվում խնդրի լուծման համար:
Գիտաժողովի ընթացքում խոշորագույն դեղագործական ընկերությունների անվտանգության ղեկավարները ստորագրեցին համագործակցության հուշագիր: