![Դպրոցներում մեկնարկել են փոխադրական և ավարտական քննությունները](https://www.aysor.am/news_images/320/957520_1/hov.thumb.jpg)
01/06/2015 12:27
Դպրոցներում մեկնարկել են փոխադրական և ավարտական քննությունները
Հայաստանի դպրոցներում մեկնարկել են փոխադրական և ավարտական քննությունները, 14 հազար 9-րդ դասարանցի այսօր քննություն են հանձնելու հայոց լեզու և գրականություն առարկայից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա նաև հավելեց, որ ֆիզկուլտուրա առարկայից աշակերտներն արդեն իսկ հանձնել են քննությունը, առջևում դեռ 4 քննություն էլ ունեն: 12-րդ դասարանցիների թիվը մոտ 25 հազար է, նրանք ևս ավարտական 6 քննություն կհանձնեն: 4-րդ դասարանցիներն էլ քննություններ կհանձնեն հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից: 2015-ի սեպտեմբերի 1-ին նախատեսվում է 38-39 հազար առաջին դասարանցու մուտք, համապատասխանաբար պատվիրվել է 40 հազար այբբենարան:
«1-4 դասարանցիներին դասագրքերը կառավարության որոշմամբ տրվում են անվճար, 5-10 դասարանցիների համար՝ վարձավճարով: Դասագրքերն անվճար հիմունքներով են տրվում նաև անապահով ընտանքիների, ծնողազուրկ երեխաներին»,- հիշեցրեց ԿԳ ներկայացուցիչը:
Նարինե Հովհաննիսյանը, խոսելով դպրոցներում դրամահավաքից, նշեց, որ «Վերջին զանգ»-ի խնջույքների գումարները հավաքվում են բացառապես ծնողների և երեխաների նախաձեռնությամբ, իսկ ավարտական քննությունների օրը ուսուցիչների համար սուրճ, սնունդ գնելու համար կազմակերպվող դրամահավաքներից ԿԳ ներկայացուցիչը կոչ արեց զերծ մնալ: