17/06/2015 18:04
ԵՄԱ նախագահը՝ ՄԻԵԴ որոշման մասին. Պատասխանատո՞ւ են արդյոք ԶԼՄ-ները ընթերցողների մեկնաբանությունների համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով վճիռը հստակություն կմտցնի: Այս մասին Aysor.am-ի թղթակցին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ի պատասախան հարցին՝ ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի մեր երկրում նման որոշումը:
«Սա, իմ կարծիքով, ընդունելի որոշում է, որով հստակություն կմտցվի, թե ինչպիսի վերաբերմունք պետք է դատարանները ունենան նման դեպքերում: Եթե մինչև այս խմբագրությունը կարող էր ասել՝ այդ մեկնաբանության հեղինակը ես չեմ և որևէ պատասխանատվություն չեմ կրում նման մեկնաբանությունների համար և պարտավոր չեմ դա հանել իմ կայքից, ապա այժմ նման դեմագոգիկ երևույթները բացառվելու են: Եթե դու ունես խմբագրական քաղաքականություն, ապա պարտավոր ես հանել նաև նման մեկնաբանությունները», -ասաց նա:
Նրա խոսքով, սակայն, անհրաժեշտ է այս առումով որոշակի տարանջատում մտցնել կայքերի միջև:
«Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, այսինքն, այն որոշակի սահմանափակումներ ունի կիրառության մեջ և այս դեպքում մենք այդ որոշումը պետք է դիտարկենք որպես խոսքի ազատության սահմափակում, որ մյուս մարդկանց իրավունքները ևս չսահմանափակվեն: Այստեղ երկակի մոտեցում պետք է լինի այս իրավունքի գործածման մասով: Եթե խոսքը գնում է կայքերի մասին, որոնցում գործում է որոշակի խմբագրական քաղաքականություն, այսինքն, խմբագրությունն է որոշում, ինչը տպագրի, ինչը՝ ոչ, ինչը՝ տարածի, ինչը՝ չէ, ապա այս սկզբունքը պետք է տարածվի նաև մեկնաբանությունների վրա և պետք է որոշակի վերահսկողոթյուն իրականացվի, բայց եթե առանց սահմանափակումների և քաղաքականության կայքը տրամադրում է հնարավորություն տեղադրել որոշակի բովանդակություն, ապա այստեղ, բնականաբար, նա չպետք է պատասխանատվություն կրի բովանդակության համար, չկատարի մոդերացիա համապատասխան բովանդակության համար»,- ասաց նա:
Բ. Նավասարդյանը ասաց, որ իր կարծիքով, սա ընդունելի է իր համար որպես սկզբունք, սակայն, բնականաբար, չի բացառում որոշակի ռիսկերը:
«Որպես սկզբունք, այն ինձ համար ընդունելի է, բայց, բնականաբար, ես չեմ բացառում խոսքի ազատության սահմանափակման միջադեպեր իշխանությունների կամ շահագրգիռ անձանց կողմից: Դրա համար մենք պետք է շատ հետևողականորեն հետևենք, թե այս օրենքը ինչպե՞ս է կիրառվում մեր դատական պրակտիկայում: Նման բազմաթիվ նախադեպեր կան, որ սխալ են կիրառվում, օրինակ աղբյուրների պաշտպանության մասով, և եթե նման հարցերը չլուծվեն ներպետական ճանապարհներով, ապա այն կհասնի Ստրասբուրգ»,-ասաց Բ. Նավասարդյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով որոշում է կայացրել, համաձայն որի՝ Օնլայն ԶԼՄ-ները պատասխանատվություն են կրում իրենց էջերում օգտատերերի մեկնաբանությունների բովանդակության համար 24/7 ռեժիմով, հատկապես այն դեպքերում, եթե մեկնաբանություններում կա այլատյացություն, ռասիզմ կամ զրպարտություն:
«Սույն գործը (Դելֆին ընդդեմ Էստոնիայի) վերաբերում է ինտերնետային նորությունների կայքերի «պարտականություններին և պատասխանատվությանը» այն դեպքերում, երբ ինտերնետային նորությունների կայքերը տնտեսական նպատակներով տրամադրում են օգտատերերի կողմից հրապարակվող մեկնաբանությունների հարթակ իրենց նախկինում հրապարակված նյութերի համար, և երբ որոշ օգտատերեր – անանուն կամ իդենտիֆիկացված – ներքաշվում են ակնհայտորեն անօրինական ելույթների մեջ, որը խախտում է այլոց իրավունքները և նմանվում է ատելության խոսքի կամ նրանց դեմ հրահրում է բռնություն», - ասվում է ՄԻԵԴ վճռում:
Դատարանը գտել է, որ թեև Դելֆին՝ դիմումատուի փաստաբաններից ահազանգ ստանալուն պես անմիջապես հեռացրել է խնդրո առարկա մեկնաբանություններն իր կայքից, երկրի Գերագույն դատարանի կողմից համապատասխան օրենքի կիրառմամբ օնլայն պարբերականի նկատմամբ տուգանքի նշանակումը, այնուամենայնիվ, եղել է իրավաչափ և «անհրաժեշտ միջոց ժողովրդավարական հասարակությունում»: