18/06/2015 16:45
Էս նեղ մաջալին ի՞նչ իմաստ ուներ նման թանկացումներ բերելը. Էդմոն Մարուքյան
ԱԺ արտահերթ նիստում «Ակցիզային հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների քննարկմանը ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նեղսրտեց, թե կառավարությունն ինչու է այսպիսի օրենք հրամցնում:
«Էս նեղ մաջալին ի՞նչ իմաստ ուներ նման թանկացումներ բերել, մանավանդ տեղական արտադրողներին մեծ վնաս է հասցվելու, հատկապես, երբ ԵՏՄ շրջանակներում մեծ քանակություններով ներմուծվում է ռուսական էժան օղի: Ունե՞ք ուսումնասիրություններ, թե ինչ ազդեցություն կունենա այս նոր հարկային բեռը տեղական շուկայի վրա: Գնահատվե՞լ է ազդեցությունները, քանի որ հնարավոր է աշխատատեղերի կորստի խնդիր ունենանք, դոմինոյի էֆեկտ լինի, թանկանա նաև հանրային տրանսպորտը»,- հայտարարեց պատգամավորը:
Նա ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց նաև, թե տեղական արտադրողի համար ակցիզների թանկացնումն ինչպես է անդրադառնալու: «Էս ո՞նց է լինելու, մենք ինչ-որ վերլուծություններ ունե՞նք, թե սա ինչ ազդեցություն կունենա տեղական շուկայի վրա: Տեղական արտադրողները, հնարավոր է, փակեն իրենց ձեռնարկությունները: Դիզվառելիքը, Դուք ասում եք 6 դրամ, բայց հնարավո՞ր է գա հին գնին՝ բարձրանալով 15 դրամով»,- հետաքրքրվեց պատգամվորը, որին ի պատասխան Միրումյանն աևձագանքեց՝ նշելով, թե տեղական արտադրողը ներմուծողի նկատմամբ ավելի շահեկան վիճակում է լինելու այսպիսով: Փոխնախարարը նշեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից:
Հիշեցնենք, որ Կառավարության առաջարկով ներկայացված օրենսդրական այս փաեթեթով առաջարկվում է վերանայել և ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը: Այդ ապրանքներն են՝ օղին, ծխախոտն ու դիզվառելիքը:
Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին հավելեց, թե սփոփանք չէ այն, որ հարկային բեռը հաջորդ տարվանից է կիրառվելու. «Ավելի շուտ էլ հնարավոր չէր, քանի որ հարկային նոր բեռ է: Մարդիկ ուղղակի սարսափած են, ասում են՝ առանց այն էլ հիսուն տոկոսով շրջանառությունն ընկնում է, ինչպես կարելի է նոր հարկային բեռ ավելացնել: Եթե ասում եք ազդեցություն չի լինի, ապա ինչո՞ւ են մարդիկ սարսափած»:
Եզրափակելով պատգամավորը շեշտեց նաև, որ այս ամենը հանգեցնելու հավելյալ աշխատատեղերի կորստի, ինչը Հայաստանի տնտեսության համար վտանգավոր է: