28/06/2015 19:48
«Ոչ թալանին» որոշեց՝ Ձայն բազմաց... որոշողը ժողովուրդը կլինի
Րոպեներ առաջ Բաղրամյան պողոտայում բարիկադների վրա բարձրաձավ «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Վաղինակ Շուշանյանը:
«Հաշվի առնելով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, իշխանությունների նկատմամբ առկան վստահության աննախադեպ բացակայությունը,հաշվի առնելով «Ոչ թալանին» նախաձեռնության համախմբվածությունը, ինչպես նաև՝ իշխանությունների կողմից իրականացված թեկուզ կիսատ քայլերը.
«Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարում է.
«Հունիսի 17-ին ՀԾԿՀ-ն կայացրեց ապօրինի որոշում, և առանց որոշակի տնտեսական հիմքերի՝ բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով: Դրանից հետո Երևանում և մի շարք այլ քաղաքներում սկսվեցին խաղաղ ցույցեր՝ ի նշան բողոքի ընդդեմ ՀԾԿՀ որոշման:
Հունիսի 19-ին որոշում կայացվեց անցկացնել 3-օրյա խաղաղ նստացույց՝ պահանջելով իշխանություններից ՀԾԿՀ որոշման չեղարկում: Երկու օր անց՝ ոստիկանությունը ուժ գործադրեց խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ՝ բերման երթարկելով ավելի քան 250 մարդու:
Երեկ երեկոյան Նախագահը հայտարարությամբ հանդես եկավ, իսկ այսօր ոստիկանությունը մեզ ժամանակ տվեց մինչև 23.00-ն՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցույցերի ողջ ընթացքում որոշումները կայացվել են համախբված և փոխադարձ հարգանքի պայմաններում, «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշեց, որ հետագա անելիքը որոշվելու է հանրային քննարկումների միջոցով: Ոստի խնդրում եմ՝ առաջիկա 40 րոպեների ընթացքում կազմեք փոքր խմբեր, խորհրդակցեք ձեր կողքինների հետ և գանք ընդհանուր հայտարարի:
Ժողովուրդ ջան, հասկացեք, մենք հաղթանակի ճանապարհին ենք. մենք պարտություն չենք կրել: Պատասխանատվությամբ մոտեցեք ձեր որոշմանը: Մենք դրել ենք մեր պահանջները ու չենք ստացել հստակ լուծում: Բայց արդյոք որքանո՞վ է նպատակահարմար՝ մնալ Բաղրամյան պողոտայում, ստեղծել վտանգավոր իրավիճակ, կամ անցնել պայքարի հաջորդ հարթակ և այլ լծակներով ու միջոցներով ստիպենք իշխանություններին բավարարել մեր պահանջները:
Հասկացեք՝ սա խաղ ու պար չէ, սրա նման նախադեպ դեռևս չի գրանցվել: Մենք հաղթանակի ճանապարհին ենք: Գիտակցեք հարցի լրջությունը: Իրականում, մնալով այստեղ, ամեն անգամ ոստիկաններից ծեծ ու ջարդ ստանալով՝ արդյոք հաղթելո՞ւ ենք, ստանալո՞ւ ենք մեր ուզածը: Ես ձեզանից շատ եմ ուզում մնալ այստեղ ու պայքարել, բայց մենք ամեն օր ֆիզիկապես պատրաստ չենք ծեծ ու ջարդի, ջրցանի: Միայն զորբայությամբ չէ պայքարը: Ոտքի տակ ընկնելով՝ ինչպե՞ս ենք հարց լուծելու: Պատասխանատվությամբ մոտեցեք հարցին. սա է խնդրանքս:
Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես կողմ եմ պայքարը այլ հարթակներում շարունակելուն»,- եզրափակեց խոսքը Վաղինակ Շուշանյանը:
Այս պահին Բաղրամյան պողոտայում հանրային քննարկում է ընթանում, որի արդյունքում էլ կորոշվի հետագա անելիքները: