03/07/2015 13:39
Ա. Սաքունց. Իսկ որտե՞ղ է պահվելու Պերմյակովը
«Հայկական կողմը ծանոթ չէ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի քրեական գործերի նյութերին, որը նախապատրաստել են ռուս իրավապահները, այդ իսկ պատճառով քրեական գործը հայկական կողմին փոխանցելու մասին պաշտոնական հայտարարությունները լուրջ հարցեր են առաջ քաշում: Բացի այս, անհասկանալի է՝ արդյոք հանձնվելո՞ւ է հայկական կողմին Պերմյակովը»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա հիշեցրեց, որ հայկական կողմի հիմնական պահանջը Պերմյակովին փոխանցելն էր, բայց այսօր, երբ հայտարարվում է հայկական կողմին քրեական գործը հանձնելու մասին, արդյոք սա նշանակում է, որ Պերմյակովն էլ հանձնվելու:
«Մեզ հանձնում են գործի նյութերը, թուղթ են տալիս, սա աղճատում է հարցը»,-շեշտեց նա:
Մի շարք հարցեր էլ են օդից կախված մնում՝ կհաջողվի արդյոք հարցաքննել ռուսական ռազմաբազայի նախկին հրամանատարին, Պերմյակովի ծառայակիցներին և այլն: Եվ կարևորը ՝ որտե՞ղ է պահվելու Պերմյակովը: Ըստ Սաքունցի՝ այս հարցերը լուծված կարող էին լինել, եթե ավելի վաղ իրավական ընթացակարգը պահպանվեր և գործը քննվեր հայկական կողմում:
Վերջում էլ համոզմունք հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերություններում քաղաքական գործոններն են թելադրում իրավական գործընթացները: