03/07/2015 18:28
Գ.Սահակյանն ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտորին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին: Հյուրին ուղեկցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ Գ.Սահակյանը հանդիպմանը գոհունակությամբ նշել է, որ ՀՊՄՀ-ն և Կոնեկտիկուտի պետական համալսարանն արդյունավետ համագործակցում են: Որպես ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահ՝ նա հույս է հայտնել, որ այդ համագործակցությունն առավել կխորանա համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունքում: Ընդգծելով, որ մեր երկրում կրթությունը գերակա ուղղություն է՝ Գ.Սահակյանը հյուրին ներկայացրել է ՀՀ կրթական համակարգի առանձնահատկությունները՝ նշելով, որ ներկայում աշխատանք է տարվում ՀՀ բուհերը միջազգային կրթական չափորոշիչներին առավել համապատասխանեցնելու ուղղությամբ:
Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանը ներկայացրել է իր ղեկավարած բուհի անցած ուղին, կառուցվածքը, ծրագրերն ու առաջիկայում իրականացվելիք քայլերը: Նա ընդգծել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները և այս հարցում կարևորել ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ջանքերն ու ներդրումը: