16/07/2015 17:00
Եթե այս Սահմանադրության կողքին ավելացվի Կոմունիստական կուսակցությունը, ամեն ինչ իր տեղը կընկնի. Ա. Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության անունից Սահմանադրական բարեփոխումների նախագծին այս պահին որևէ գնահատական տալ չեմ կարող: Մինչև դրանք չքննարկենք կուսակցության ներկայացուցիչների հետ, ոչինչ ասել չեմ կարող: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով, հիշեցնենք, համանուն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ առաջարկներով հանդիպել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
«Ես որևէ դիտարկում չեմ անի, քանի դեռ «Ժառանգությունը» չի քննարկել այդ հարցը, իսկ երբ կքննարկենք, այդ ժամանակ էլ կուսակցության դիրքորոշումը կհայտնեմ»,- ասաց նա:
Ա. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք նաև, թե ե՞րբ է կուսակցությունը մտադիր քննարկել նոր նախագիծը, նա ասաց, որ հավանաբար հուլիս ամսվա վերջերին: «Պետք է լսենք փորձագիտական շրջանակներին, ինչպես նաև հասարակության տեսակետը, որից հետո խորհրդակցություն կհրավիրենք»,- նշեց նա:
Նախկին պատգամավորն ընդգծեց միայն, որ ինքն անձամբ այդ բարեփոխումներին բացասական է վերաբերվում, քանի որ ներկայացված նախագիծը նմանվում է Խորհրդային Միության ժամանակների Սահմանադրությանը:
«Եթե այս Սահմանադրության կողքին էլ ավելացվի Կոմունիստական կուսակցությունը, որն այս դեպքում ՀՀԿ-ն է՝ գլխավոր քաղաքական ուժը, ապա ամեն ինչ կգա տեղը»,- եզրափակեց նա: