31/07/2015 09:43
«Սիվիլնեթ» լրատվական կայքը ֆինանսական խնդիրների առաջ է հայտնվել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլնեթ» լրատվական կայքը վերջին շրջանում ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է հայտնվել: Օրերս մի քանի աշխատակիցներ կրճատվել են, կայքը հանձնել է նախկինում վարձակալած տարածքը և տեղափոխվել այլ, անհամեմատ ավելի փոքր էժան վայր: Կայքում անորոշ վիճակ է, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու հետագան:
Երեկ «Ժողովուրդը» փորձել է այս տեղեկությունը ճշտել լրատվամիջոցի պատասխանատուներից: «Սիվիլնեթ» կայքի խմբագիր Կարեն Հարությունյանը հայտարարել է. «Կրճատվել են, բայց նաև նոր մարդիկ են եկել, օպտիմալացում է եղել, դա ընթացիկ պրոցես է, մեր տարածքից տեղափոխվել ենք նոր տարածք, նպատակահարմար ենք համարել ավելի փոքր տարածքում կազմակերպել մեր գործունեությունը»,- պարզաբանել է խմբագիրը: