31/07/2015 12:50
Դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ընտանիքի խնդիրները՝ վարչապետի ուշադրության կենտրոնում
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ընտանիքը, ով դաժանաբար սպանվել էր հունվարին իր զինակից ընկերների կողմից, ապրում է սոցիալական անապահով պայմաններում Արարատի մարզի Նիզամի գյուղում: Ընտանիքում Հայկազի երկու անչափահաս եղբայրներն են՝ 9-ը և 14 տարեկան, մայրը՝ Արմինե Բարսեղյանը, տառապում է մի շարք հիվանդություններով, իսկ հայրը չունի մշտական աշխատանք: Aysor.am-ին հայտնի դարձավ, որ մինչև վերջերս Բարսեղյանների տունը անգամ գազաֆիկացված չի եղել, բայց նախօրեին այդ խնդիրը լուծվել է անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով:
Aysor.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Արամյանն ասաց, որ խնդրի առնչությամբ տասը օր առաջ դիմում է գրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում ներկայացրել է ընտանիքի ծանր սոցիալական պայմաններն ու խնդիրները:
«Դիմումում ներկայացրել էի, որ Բարսեղյանների ընտանիքը զուրկ է կենցաղային պայմաններից և գազաֆիկացված չէ և որ ընտանիքը հնարավորություն չունի մուծումներ կատարել գազաֆիկացման համար, թեև գազի խողովակը տանից ընդամենը 60 մետր հեռավորության վրա է»,- նշեց Մ.Արամյանը:
Հաջորդ օրն իսկ նրան զանգահարել են կառավարությունից և նշել, որ կա վարչապետի հանձնարարականը և խնդիրը առաջիկա օրերին կլուծվի.
«Եվ, փաստորեն, լուծվեց՝ երեկ արդեն գազաֆիկացման գործընթացն ավարտվել է»:
Մ. Արամյանն ասաց նաև, որ բացի այդ վարչապետը ընտանիքին այլ օգնություն, այդ թվում ֆինանսական ևս կտրամադրի, քանի որ ընտանիքն իսկապես ծանր սոցիալական պայմաններում է ապրում ու նույնիսկ կահույքի խնդիր ունի: Այս պահին քննարկվում են այլ միջոցառումները:
«Կարող եմ ասել, որ գազաֆիկացումից հետո առաջնային է Արմինե Բարսեղյանի առողջական խնդիրներին լուծում տալը՝ հետազոտվի և հասկանանք, եթե անհրաժեշտ է, ապա հիվանդանոցային բուժում կստանա»,- ասաց նա ու հավելեց, որ առաջիկայում ընտանիքի հետ կապված մի շարք խնդիրներ լուծում կստանան:
Նշենք, որ մեզ հետ զրույցում Նիզամիի գյուղապետ Հարութին Կարապետյանն էլ հաստատեց, որ երեկ արդեն գազաֆիկացումն ավարտվել է: