14/09/2015 16:55
Բաբայան. Արցախը թույլ չի տա, որ նա գա. Թող գնա Բաքու՝ զեկույցի ու մի քանի տուփ խավիար հետևից
«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց և հայկական կողմի համար անընդունելի զեկույցի հեղինակ Ռոբերտ Վոլտերը սեպտեմբերի 15-16-ը կայցելի տարածաշրջան: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից:
Aysor.am-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ տեղյա՞կ է այցից, ԼՂՀ իշխանությունները այցագիր տվել են եվրոպացի պաշտոնյային և առհասարակ՝ նրա մուտքը կթույլատրեն Արցախ:
-Պարոն Բաբայան, Ռոբերտ Վոլտերը պատրաստվում է այցելել տարածաշրջան: Ունե՞ք այդպիսի տեղեկություն և արդյո՞ք թույլ կտաք, որ նա գա ԼՂՀ, որովհետև նախորդ մեր զրույցի ժամանակ ասացիք, որ եթե մշակման փուլում գտնվող զեկույցի վերնագիրն ու տրամաբանությունը չփոխվեն, ապա պետք չէ, որ Վոլտերը այցելի Ղարաբաղ:
-Մենք նման որևէ նամակ կամ խնդրանք չենք ստացել, առավել ևս չենք ստացել նաև զեկույցի անվանման փոխման կամ այդ փաստաթղթի փիլիսոփայության փոփոխության վերաբերյալ որևէ տեղեկություն: Հետևաբար, եթե նա նույնիսկ գա տարածաշրջան, ապա պետք է գա Ադրբեջանի Հանրապետություն և սահմանից այն կողմ «ծանոթանա» այն ամենի հետ, ինչը պետք է զետեղի իր այդ այսպես կոչված զեկույցում: Կարծում եմ, որ եթե Վոլտերը չփոխի անվանումը, չվերանայի փաստաթղթի տրամաբանությունը, ապա բնական է, որ նա Արցախ չի կարող գալ ու ավելի լավ է գնա Ադրբեջան, որտեղ էլ երևի թե զեկույցն արդեն պատրաստ է: Նա կարող է ուղղակի այդ ուղևորության համար, որ այցելել է տարածաշրջան, «կոմանդիռովոչնիները» վերցնի ու դնի գրպանը, ուրիշ որևէ իմաստ չկա, որ գա այստեղ:
-Ձեր կարծիքով՝ այս այցելությունն ուշացած չէ՞, որովհետև զեկույցի վրա նա վաղուց է աշխատում, այն պետք է մինչև ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան ավարտին հասցվի: Ավելին՝ Վոլտերն անթաքույց տրամադրված էլ չէր այցելել տարածաշրջան:
-Սա ցույց է տալիս զեկույցի արհեստական լինելը, նրա պատվիրված լինելը: Բոլորին է հայտնի, թե ինչպես պետք է զեկույց պատրաստվի: Մենք այն ժամանակ էլ հայտարարել էինք՝ եթե ողջամիտ փաստաթուղթ է ուզում մշակել և ինչ-որ բանով ուզում է նպաստել իրավիճակի կայունացմանը, կողմերի միջև փոխվստահությանն ու ընդհանուր գործընթացին, ապա՝ խնդրեմ: Բայց Վոլտերը ոչ վերանայել է տրամաբանությունը, ոչ փոխել վերնագիրը, այսինքն պատրաստում է ադրբեջանամետ, հակահայկական միակողմանի ու ոչ պրոֆեսիոնալ ինչ-որ մի փաստաթուղթ: Կրկնում եմ՝ պատվիրված, գնված փաստաթուղթ:
-Ի՞նչ դերակատարում ունի այս ամենում ԵԽԽՎ-ն, որպես միջազգային ու հեղինակավոր կառույց: Տուրք չի՞ տալիս միակողմանի զեկույցի մշակմանը:
-Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ այդ կառույցներում կան լուրջ խնդիրներ, որ այդ կառույցների այսպես ասած իմունային համակարգը ունի շատ ու շատ բացեր: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը իր կոռուպցիոն մոտեցումներով, փաստորեն, վիրուսի պես մտնում է այդ կառույցների մեջ և քայքայում է ներսից: Ինչը շատ վտանգավոր է, և մենք վտանգը տեսնում ենք ժողովրդավարական կառույցների մեջ ընթացող այդ շատ բացասական զարգացումներում, որոնք հարված են հասցնում ժողովրդավարությանը և ժողովրդավարական հիմունքներին:
-Պարոն Բաբայան, այդուհանդերձ եթե այսօր նա Ձեզ դիմի՝ Արցախ այցելելու համար, նույն պահանջն է դրվելու՝ վերնագիր ու տրամաբանություն փոխելու մասով: Չե՞ք թույլ տա գա:
-Միանշանակ: Նա պետք է ոչ և վերնագիրը, և տրամաբանությունը փոխի, այլապես որևէ կարիք չկա, որ նա գա այստեղ: Թող գնա Բաքու և այնտեղից ստանա թե իր զեկույցները, թե մի քանի տուփ խավիարը ու դրանով էլ իր առաքելությունը եզրափակի: