17/10/2015 16:16
Ամենամեծ երազանքս թոռնիկիս կողքին լինելն ու Էմմիս պես երեխա դաստիարակելն է. Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն է
Այսօր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը նշում է ծննդյան 61-րդ տարեդարձը: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս և ո՞ւմ հետ է անցկացնելու տոնական օրը:
«Այս տարի որոշել եմ ծննդյանս օրն անցկացնել տանը: Ճիշտ է՝ ցանկանում էի հանդարտ անցկացնել, սակայն առավոտյան ժամը 11-ին մեր քոլեջի ուսանողները եկան իմ տուն: Դա ինձ համար մեծ անակնկալ էր, շատ մեծ նվեր: Նաև եկան իմ ընկերները… Ամեն դեպքում, ես այսօր տանն եմ լինելու և որևէ հրավեր չեմ արել: Քանի որ նախորդ տարի՝ 60-ամյակիս կապակցությամբ Էմման մեծ, գեղեցիկ տոնակատարություն էր պատրաստել, այն էլ ինձանից գաղտնի, որոշեցի այս տարի խաղաղ միջավայրում անցկացնել օրս»,-նշեց երգչուհին:
Հոբելյարը մեզ հետ զրույցում ծիծաղելով ավելացրեց, որ համոզված է՝ դստրիկը նորից անակնկալ է պատրաստում, բայց թե ինչ՝ չգիտի. «Ճիշտ է՝ նա հեռվում է, բայց դա կապ չունի, նա գիտի, թե ինչպես անակնկալ մատուցի: Երբ հարցրեց, թե ինչպես եմ անցկացնելու և ես ասացի, որ տանն եմ լինելու, չեմ ուզում որևէ տեղ գնալ, ասաց. «Լա՜վ մամա ջան»: Այդ լա՜վն արդեն շատ խորհրդավոր էր ու տողատակ ուներ»:
Ի դեպ, Էմմին մայրիկին առաջին շնորհավորողն է եղել ոչ միայն խոսքերով, այլև քաղցրավենիքով. «Կեսգիշերին զանգահարել ու շնորհավորել է, անակնկալներ է արել օնլայն պատվերի միջոցով՝ իմ սիրած ուտեստները, մրգերն է ուղարկել, որոնք այստեղ չկան: Օրինակ՝ «голубика» (հապալաս) շատ եմ սիրում, բայց այստեղ չկա, իսկ նա ինձ համար ուղարկել է»:
Առաջին անգամն է, որ Նադեժդա Սարգսյանն իր ծննդյան օրը նշում է Էմմիից հեռու, ինչն էլ հավանաբար, դարձել է նրա համար առանձնանալու պատճառ. «Թեև պետք է մեկնեի իր մոտ, սակայն առողջական վիճակս թույլ չտվեց ու այդ պատճառով այստեղ մնացի: Իհարկե, զգացողությունները շատ տարբեր են, երբ ինքը կողքիս է լինում, բոլորովին այլ տրամադրություն եմ ունենում: Իհարկե, նա աշխատեց հեռավորությունից անգամ այնպես անել, որ իր բացակայությունը չզգամ, գիշերվա 12-ին զանգահարեց ու իր սիրելի «Նադյուլիկին» շնորհավորեց: Ընդհանրապես, նա միշտ ինձ մինչև ժամը 24:00 արթուն էր պահում, որ կեսգիշերին շնորհավորի, նշենք: Բայց դե միևնույն է, ոչ Skype-ը, ոչ հեռախոսը չեն փոխարինի: Կարևորը՝ ինքը երջանիկ լինի, ես դրանից ավելի երջանիկ կլինեմ»:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ երազանքներին, ծննդյան ցանկություններին այս տարի մի փոքր էգոիստաբար է մոտեցել. «Ցանկանում եմ առողջ լինել, որ կարողանամ թոռնիկիս տեսնել, պահել, խնամել: Հիմա իմ ամենամեծ երազանքն այն է, որ թոռնիկիս կողքին լինեմ և կարողանամ այնպիսի երեխա դաստիարակել, ինչպիսին, իհարկե, իմ Էմմին է»:
Հարցին, թե ե՞րբ է Էմմին պատրաստվում մայրանալ, իսկ հոբելյարը՝ տատիկ դառնալ և ի՞նչ անուն են տալու ապագա փոքրիկին, մեր զրուցակիցը սիրով պատասխանեց. «Էմմիի զավակը լույս աշխարհ կգա մոտ մեկ ամսից: Ասեմ, որ որդի է ունենալու: Անվան հարցում դեռ որոշում չեն կայացրել: Մեր հայկական ավանդույթի համաձայն՝ երբ կծնվի, այդ ժամանակ էլ անունը կորոշեն»: