09/11/2015 18:03
Իմ գլխավոր խնդիրն այդ իմպլանտն է, որ վիրահատեն ողնաշարս և ոտքս. Դերասանուհին բոլորիս աջակցության կարիքն ունի
Երեկ համացանցում տարածվեց տեղեկություն, որ դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը, ով հեռուստադիտողին առավել շատ հայտնի է մի շարք սերիալներից և ֆիլմերից, օրեր առաջ ավտովթարի է ենթարկվել, այժմ Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է և ողնաշարի ու ոտքի լուրջ վիրահատական կարիք ունի: Կոչ էր արվում բոլորին՝ հնարավորության սահմաններում ֆինանսապես օգտակար լինել՝ իմպլանտներ ձեռք բերելու համար:
Aysor.am-ը քիչ առաջ կապ հաստատեց դերասանուհու հետ: «Ես լսել եմ, որ շատերը աղավաղում են տեղեկատվությունը՝ գրելով, թե իբր ես ասել եմ՝ Էրեբունի հիվանդանոցն ինձանից գումար է պահանջում, որպեսզի ինձ բուժի: Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ սա իմ առաջին հարցազրույցն է և նման բան չկա: Հիվանդանոցի բժիշկներն ինձանից գումար չեն ուզում բուժման համար, չեն հրաժարվում ինձ բուժելուց, պարզապես իմպլանտը, որը պետք է տեղադրվի, թանկ արժի: Արդեն քանի օր է՝ այս հիվանդանոցում եմ, վերակենդանացման բաժանմունքից նոր եմ հիվանդասենյակ տեղափոխվել և ասեմ, որ ինձ շատ լավ է վերաբերում բուժանձնակազմը՝ հանձինս բժիշկ Կարապետ Մոմջյանի, ես իրենցից ոչ մի բողոք չունեմ: Պարզապես հիմա իմ գլխավոր խնդիրը այդ իմպլանտն է, որպեսզի կարողանան վիրահատել ողնաշարս և ոտքս: Գումարն իմպլանտի համար է անհրաժեշտ»,-նշեց դերասանուհին:
Նա մանրամասնեց, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին՝ գյումրիից-Մաստարա ավտոճանապարհին. «Ղեկին, բնականաբար, ես չեմ եղել, քանի որ ինքս վարել չգիետեմ: Այս մեքենայում ես ուղղակի ուղևոր էի: Չգիտեմ, հավանաբար վարորդի մեղքով էր, որ մոտ 200 կիլոմետրից ընկանք ձորը: Մեքենայի դուռը բացվել է և ես թռիչք եմ կատարել: Գիտեմ, որ ինձ սկզբում տարել են Գյումրու բժշկական կենտրոն: Անչափ շնորհակալ եմ իրենց, որ ինձ առաջին օգնությունը ցուցաբերեցին»:
Համացանցում խոսակցություններ էին տարածվել նաև, որ հնարավոր է՝ դրասանուհին երբևէ չքայլի: Արդյոք բժիշկները նման կանխորոշում արել են հարցին մեր զրուցակիցը հուզված պատասխանեց. «Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ես տրամադրված եմ լավին… Ես շատ լավ բժշկի՝ Կարապետ Մոմջյանի ձեռքում եմ, հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Գիտեմ, որ Հայաստանի լավագույն նյարդավիրաբույժն է, շատ հրաշքներ է գործել: Հուսով եմ՝ իմ դեպքում էլ նման հրաշք կկատարվի»:
Ողնաշարի իմպլանտն արժի 2 միլիոն 500 հազար դրամ, իսկ ոտքի բուժման համար անհրաժեշժտ է 1200-1300 դոլլար: Ոտքի մեջ հատուկ մետաղներ պետք է դրվեն, որպեսզի ճիշտ կպչի: Օգնության համար հայտարարությունը իր Facebook-յան էջում գրել էր «Շանթ» հեռուստաընկերության աշխատակից Ադա Սիմոնյանը, ում հետ ժամանակին քասթինգի շրջանակներում շփվել է դերասանուհին.
«Մայրս ասաց, որ Ադան իրեն է զանգահարել, առաջարկել, որ իր էջում նման հայտարարություն տեղադրի, գուցեև գտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան, կկարողանան օգնել: Մայրս էլ համաձայնել է: Շնորհակալ եմ Ադային նման սրտացավության համար, շատ լավ մարդ է, հոգացավ անձնավորություն»:
Խարդախություններից խուսափելու, ավելորդ ժամանակ չվատնելու ու հաշվեհամար չբացելու համար որոշվել է. բոլոր նրանք, ովքեր ցանկանում են և կարող են օգտակար լինել Ջուլիա Սաղաթելյանին, կարող են գումարն անձամբ փոխանցել նրա մայրիկին՝ Լաուրա Սաղաթելյանին՝ զանգահարելով 055.903008 հեռախոսահամարով:
«Ճիշտն ասած՝ ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է լինի այդ օգնությունը: Չէի մտածում, որ երբևէ նման իրավիճակում կհայտնվեմ: Հավանաբար միակ տարբերակը մայրիկիս միջոցով դա անելն է: Գիտեմ, որ արդեն մի քանի հոգի գրել են, որ պատրաստ են օգնել: Ինձ համար դժվար է դա բարձրաձայնել… Շնորհակալ եմ բոլորին»,-հուզված և արտասվախառն եզրափակեց Ջուլիա Սաղաթելյանը:
Aysor.am-ը շուտափույթ ապաքինում և առողջություն է մաղթում դերասանուհուն: