10/11/2015 10:08
«Շատ երջանիկ եմ, շա~տ». Հակոբ Ինջիղուլյանն ամուսնանում է
Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը ամուսնանում է: Aysor.am-ի հետ զրույցում Հակոբն ասաց, որ անչափ երջանիկ է և չի համբերում, թե երբ է գալու նոյեմբերի 28-ը` այդ օրը տեղի կունենա նշանադրությունը: Իսկ մեկ շաբաթ անց էլ արդեն կամուսնանան.
«Հայաստան վերադառնալուց հետո եմ ծանոթացել Նարինեիս հետ»,- ասաց Հակոբը:
Նարինեն զբաղվում է տորթերի և ծաղիկների ձևավորմամբ, կատարում է դիզայներական այլ աշխատանքները: Հակոբն էլ աշխատում է Աշտարակի զինկոմիսարիատում: Երիտասարդ ընտանիքը ապրելու է Աշտարակում` հեռու գնալ հայրենի քաղաքից չեն պատրաստվում:
Հարցին` ի՞նչ է զգում, առանց վարանելու պատասխանեց.
«Շատ երջանիկ եմ, շա~տ»:
Իսկ էլ ի՞նչ է ուզում Հակոբը, ում ճակատագիրը տևական ժամանակ հայկական ամեն ընտանիքում քննարկման, անհանգստության առարկա էր.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին … իմացել է, որ ամուսնանում եմ ու իր կողմից ֆինանսական օգնություն ցուցաբերեց մեզ»,- նշեց նա` ավելացնելով, որ ոչինչ էլ չի ուզում` Հայաստանում է, տանն է, ամուսնանում է սիրած աղջկա հետ: Ուրիշ ի՞նչ է պետք:
Հիշեցնենք, 2013-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել էր և հատել հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում: Մեկ տարի անց նրան հանձնել էին երրորդ երկրին` Ռումինիային, փախստականների ճամբար, որտեղից էլ նա վերջապես տեղափոխվեց Հայաստան: