30/11/2015 12:55
Պետք է համախմբված ասենք այո. Վահան Բաբայանը համոզված է, որ ժողովուրդը կողմ է փոփոխություններին
Այն մարդիկ, ովքեր Հայաստանում ուզում են փոփոխություններ, սահմանադրական նոր նախագծին պետք է ասեն «այո»: Այսօր «Սահմանադրական փոփոխություններ. դեմ և կողմ» թեմայով հրավիրված քննակմանն այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության խոսնակ Վահան Բաբայանը:
Նրա խոսքով՝ այս նախագծին պետք է ասենք «այո» նախևառաջ իշխանության գերկենտրոնացվածության համակարգից ազատվելու համար, որպեսզի իշխանության երեք ճյուղերը լինեն հավասարակշռված, ինչը չի եղել նախկին Սահմանադրությունների օրոք.
«Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կձևավորվի նաև իրական անկախ դատական համակարգ»:
Վ. Բաբայանի կարծիքով՝ սահմանադրական նոր նախագծով կմեծանա նաև ընդդիմության լծակները: «Ընդդիմությունը 25 տարվա ընթացքում չի ունեցել լուրջ դերակատարում, չի կարողացել վերահսկիչ լիազորություններ ունենալ, պետական կառավարման համակարգում ավելի լուրջ մասնակցություն ունենալ, իսկ այս փոփոխություններով ընդդիմությունը կունենա այդ հնարավորությունը»,- ընդգծեց նա:
Վ. Բաբայանը գտնում է նաև, որ Հայաստանում երբեք ուժեղ ընդդիմություն չի եղել: Նրա համոզմամբ՝ ուժեղ ընդդիմություն լինում է այն ժամանակ, երբ ընդդիմությունն օրենքով սահմանված լիազորություններ է ունենում: «Իշխանությունն այս տարիների ընթացքում չի տվել այդ հնարավորությունն ընդդիմությանը: Եթե ընդդիմությունը չի ունենում լիազորություններ, լծակներ, գնում է փողոց ու փողոցից է փորձում գնալ փոփոխությունների, որը 25 տարի մեր երկրում չի հաջողվել»,- նկատեց նա:
Վահան Բաբայանը կարծում է նաև, որ հանրապետությունում շատերն են այսօր այդ փոփոխություններին կողմ: Նրա խոսքով՝ մարդիկ այդ փոփոխություններին գնում են ընդառաջ իրենց կամքով:
«Շատ-շատ տեղերում մարդիկ սահմանադրական բարեփոխումներին ցանկանալով են «այո» ասելու, ոչ թե այլ բաներից ելնելով: Այսօր այս թեման շահարկման թռիթ է դառնում, բայց ես վստահ եմ, որ մարդիկ այդ փոփոխություններն ուզում են: Այնպես որ, եկեք համախմբված ասենք «այո», և հասկանանք, որ մեր ձեռքերում է մեր երկրի ապագան»,- եզրափակեց նա: