02/12/2015 18:37
Աննկարագրելի ապրումներ և մեծ վախ... Չգիտեինք, թե որ քաղաքում ենք. Գոհար Հովհաննիսյանը դուստր է ունեցել
Ավստրալիա-Դուբայ չվերթի բնականոն ընթացքը խաթարվեց, երբ հայ երգչուհին նկատեց՝ մայրական բերկրանքը մոտ է: «Ես, Գոհարը և Աղասի Իսպիրյանը համերգային շրջագայությունից վերադառնում էինք Դուբայ, այնտեղից էլ Հայաստան պետք է գայինք: 6-ժամանոց թռիչքից գրեթե 3 ժամ էր անցել, երբ Գոհարն իրեն վատ զգաց: Առաջինն, ինչ կարող էինք անել՝ ուղեկցորդուհուն օգնության կանչելն էր: Սակայն նրանք միայն առաջին օգնություն կարողացան ցուցաբերել: Ստիպված հայտարարեցին, որ օդանավը պետք է հարկադրաբար վայրէջք կատարի: Սարսափելի ապրումներ ունեցանք»,-Aysor.am-ի հետ զրույցում արդեն իսկ ուրախ տրամադրությամբ մանրամասնեց երգչուհու ընկեր-գործընկեր Ռուբեն Սասունցին:
Օդանավի վայրէջքից հետո Ռուբենը Գոհարի հետ իջել է, Աղասին՝ ճանապարհը շարունակել. «Չէի կարող գնալ, անհնար էր ընկերոջս մենակ թողնել: Ավտոմեքենա էր սպասում, որը մեզ տարավ հիվանդանոց: Աննկարագրելի ապրումներ, մեծ վախ ապրեցինք, քանի որ նույնիսկ չգիտեինք, թե որ քաղաքում ենք գտնվում: Չեմ կարող նկարագրել, թե ինչքան երկար թվացին այն ժամերը, երբ Գոհարիկին տարան վիրահատարան: Ամսի 1-ի գիշերը ժամը 4-ին ծնվեց նրա դստրիկը»:
Ավստրալիայի հյուսիսում գտնվող Պերթ քաղաքում ծնվեց երգչուհու դուստրը՝ Գայանեն, ով կրում է տատիկի անունը: «Բայց միևնույն է, նա, միանշանակ, Հայաստանի քաղաքացի է: Վստահ եմ, ապագայում նաև լավ հայ ու մարդ կլինի իր երկրի համար: Նրան ամեն վայրկյան էինք սպասում, փոքրիկն ուղղակի հրաշամանուկ է: Տեղեկացնեմ, որ և՛ նա, և՛ մայրը այժմ շատ լավ են: Պերթում կա մոտ 150 հոգուց բաղկացած փոքրիկ հայ համայնք: Իմանալով, որ այնտեղ ենք, բոլորը գալիս և իրենց օգնությունն են առաջարկում»,-նշեց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե արդյոք երգչուհու ամուսինը չի պատրաստվում մեկնել կնոջ և փոքրիկի մոտ՝ պատասխանեց. «Գոհարիկի ամուսինը Հայաստանում է, չի կարող գալ, քանի որ վիզայի խնդիր կա: Սակայն երգչուհին Ամանորը կդիմավորի Հայաստանում՝ իր բալիկների և ընտանիքի հետ»:
Համերգային շրջագայությունները չեն շարունակվի, այն նոր թափ կստանա Գոհար Հովհաննիսյանի նորովի վերադարձով: «Մենք շրջագայությունն արդեն ավարտել էինք: Մյուս տարվա սկզբից անպայման կշարունակենք, իհարկե, Գոհարի հետ միասին»,-վստահեցրեց երգիչը:
Aysor.am-ը շնորհավորում է երջանիկ մայրիկին: Թող այսուհետ չվերթները խաթարվեն միայն բարի լուրի նպատակով: