05/12/2015 16:16
Երևանն արդեն ունի գեղասահքի մարզադպրոց և տափօղակով հոկեյի դպրոց
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց մայրաքաղաքի Իրինա Ռոդնինայի անվան նորակառույց գեղասահքի դպրոցի բացման արարողությանը:
Վերջին տարիներին մարզադպրոցը կարելի է ասել չէր գործում, սահադաշտ չունենալու պատճառով: Երեխաները մարզվում էին կամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կամ Օպերայի մոտակայքում տեղակայված սահադաշտում՝ այն էլ ժամանակ առ ժամանակ: Երևանի ավագանու որոշմամբ՝ այս տարվանից մազադպրոցը անվանափոխվեց ռուս գեղասահքի չեմպիոնուհի Իրինա Ռոդնինայի անունով, ով նաև իր ներդրումն ունեցավ նոր գեղասահքի դպրոցի հիմնման գործում: Գեղասահքի նոր մարզադպրոցը գործելու է Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում՝ հեծանվապարկի հարևանությամբ:
Լրագրողների հետ զրույցում մարզադպրոցի տնօրեն Մելինե Ավագյանը նշեց, որ Երևանի գեղասահքի դպրոցում երկար տարիներ չի գործել սահադաշտը: Երեխաները պարապել են մարզադպրոցի պարուսուցման դահլիճում և բակում: «Մեր փորձառու խորեոգրաֆները, մարզիչնեները իրենց անձնուրաց աշխատանքով կարողացան մարզադպրոցի բնականոն աշխատանքն ապահովել: Ի զարմանս և հուրախություն մեզ, երեխաներն այդուհանդերձ կարողացան իրենց մարզումների շնորհիվ մասնակցել մրցումների, կազմակերպել պարապմունքներ, որպեսզի մարզադպրոցն անգամ այդպիսի պայմաններում չփակվի: Մարզադպրոսցը պահպանվեց նաև Երևանի քաղաքապետարանի կողմից որդեգրած ճիշտ քաղաքականության շնորհիվ»,- ասաց նա:
Մարզադպրոցն այսօր ունի շուրջ 180 սան: «Եթե մինչ օրս միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի մարզադպրոցը պահպանենք, ապա այսօր քայլեր ենք անելու այդ սպորտաձևերը զարգացնելու ուղղությամբ: Երեխաները կմարզվեն ավելի բարենպաստ պայմաներում»- ասաց նա:
Aysor.am-ի հարցին ի պաասխան, թե ունե՞նք համապատասխան մասնագետներ, դպրոցի տնօրենը վստահեցրեց. «Իհարկե ունենք, բայց մեզ խոստացել են օգնել նաև մեր ռուս գործընկերները: Դպրոցը կրում է ռուս չեմիպոնուհի Իրինա Ռոդնինայի անունը, ինչը պարտավորեցնող է»:
Դպրոցը թեև կրելու է Իրինա Ռոդնինայի անունը, սակայն նա չի խոստանում, որ կդասավանդի այստեղ: «Դժվարանում եմ խոսքեր գտնել իմ զգացողությունները նկարագրելու համար, բայց ես շատ ուրախ եմ, որ վերջապես Հայաստանը ևս կունենա ժամանակակից պայմաններով հագեցած գեղասահքի դպրոց: Այս գաղափարը առաջացավ երկու տարի առաջ, բայց չէի պատկերացնում, որ այսքան շուտ կյանքի կկոչվի: Անչափ շնորհակալ եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և Սերգեյ Համբարձումյանին, քանի որ գաղափարից մենք անցանք գործողությունների: Իսկ այն, որ դպրոցը անվանակոչվել է իմ անունով, ես երախտապարտ եմ մեր երկկողմ ավանդույթներին ու երկու ժողովուրդների բարեկամությանն ու ընկերությանը: Ես շատ ուրախ եմ, որ առաջին թատերաբեմը բացվել է ոչ թե Մոսկվայում, այլ՝ Հայաստանում, ինչի համար շատ երախտապարտ եմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ի. Ռոդնինան:
Նրա խոսքով, թեև ինքն այսօր ցանկություն չունի սահել սառույցի վրա, սակայն խոստանում է. «Ամեն ինչ կանեմ, որ այս սպորտաձևը Հայաստանում զարգանա: Ես սիրում եմ ինչ-որ բաներ անել, երբ չկա ոչ մի պլանավորած բան: Ես վարպետության դասեր կտամ, բայց չեմ դասավանդի այս դպրոցում: Ցավոք, ես ամեն օր չեմ կարող գալ Հայաստան, բայց այստեղ կլինեն ինչպես ռուս չեմպիոններ, այնպես էլ նախկին ԽՍՀՄ մարզիչներ: Ես ունեմ արդեն պայմանավորվածություններ լավագույն գեղասահորդների հետ: Պետք է ծրագրոր մշակել: Խոստանալ, որ այստեղից վաղը դուրս կգան չեմիպոններ, սուտ կլինի, բայց ես կարծում եմ, որ այստեղ կան շատ տաղանդավոր երեխաներ ու որակյալ մասնագետներ»,- ասաց նա:
Նշենք, որ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին, որն իր գործունեությունը ծավալել է հիմնականում Բագրատունյաց փողոցում տեղակայված դպրոցում, սակայն շենքային ոչ բարենպաստ պայմանները չեն նպաստել այս սպորտաձևերի զարգացմանը:
Նշենք նաև, որ դպրոցը կառուցվել է Մոսկվայի հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել է Երևան քաղաքին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7.55 մլն ԱՄՆ դոլար: Եռահարկ այս շինության ընդհանուր մակերեսը կազմում է 4360քմ, որից 1800 քմ զբաղեցնում է սահադաշտը: Դպրոցը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ խորեոգրաֆիայի դահլիճով, մեթոդական լսարանով, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքերով, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից սարքավորումներով, գեղասահորդների համար անհրաժեշտ գույքով և միջազգային ստանդարտներին համապտասխան հանդերձարաններով: