10/12/2015 13:54
Պետք է անպայման գործեն հարկերի ու վճարների մասով ադեկվատ ընթացակարգեր. Միքայել Մելքումյան
ԱԺ-ն այսօր շարունակում է ՀՀ հարկերի մասին, ինչպես նաև կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկումը:
Քննարկման ընթացքում առաջինը ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն, ով իր խոսքում հայտարարեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այս երկու նախագծերը բավականին մարնակրկիտ ուսումնասիրել է և եկել է այն եզրահանգման, որ պետք է փոփոխվեն ու հստակեցվեն երկու նախագծերի հիմնական մեխանիզմները:
«Սոցվճարները, որոնք կուտակվում են կուտակային կենսաթոշակային համակարագով, դրանք համարվում են պարտադիր վճարներ, սակայն հարկային մարմինը, որն, ըստ էության, իրականացնում է դրանց հաշվառումը, լիազորված չէ և չունի այն մեխանիզմն, ըստ որի իրականացնի հարկերի և այլ պարտադիր վճարների համարժեք գանձումը: Այս նախաձեռնությամբ այդ լիազորությունները տրվում են հարկային մարմնին, որը պարտավորվում է նաև հարկային սուբյեկտներին տեղեկացնել, որ սկսվում է գանձման գործընթացը»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորն՝ ընդգծելով, որ եթե կուտակայինը պարտադիր վճար է հանդիսանում, ապա պետք է հստակեցնել նաև դրա բոլոր մեխանիզմներն ու ընթացակարգերը:
«Պետք է անպայման գործեն հարկերի ու վճարների մասով ադեկվատ ընթացակարգեր, որպեսզի թյուրիմացություններ ու խնդիրներ չառաջանան: Առաջին հայացքից սա կարող է թվալ որոշակի կոշտ գործիք, սակայն դա այդպես չէ»,- վստահեցրեց պատգամավորն՝ ընդգծելով նաև, որ այս փոփոխություններին այլընտրանք չկա:
Նրա խոսքով՝ այսօրվա ատկատների մեծ մասը բաժին է հիմնականում հասնում մասնավորաներին, իսկ այս օրենքում փոփոխություններ և լրացումներ անելը բավականին ռիսկեր է իր մեջ պարունակում, քանի որ պարտադիր դրույթը, որը գործում է կուտակային կեսնսնաթոշակների մասով, միայն պետական սեկտորի վրա է, որ անդրադառնում է, մինչդեռ կան մարդիկ, ովքեր կամավոր ընտրել են կուտակայինին մասնակցելու ընթացակարգը, ովքեր աշխատում են մասնավոր սեկտորում:
«Պետք է քննարկել, թե ինչ կլինի այդ մարդկանց գումարների հետ, եթե գանձման հետ կապված խնդիրները չհարթվեն: Եվ եթե մենք այս ինստիտուտն արդեն գործարկել ենք, կարծում եմ, պետք է գործի նաև պատշաճ մակարդակով, որպեսզի հարկային մարմիններն ունենան բոլոր այն գործիքները, որ օրենքը կիրառվի և փոխանցվի համապատասխան ու իրական ֆոնդերին, որպեսզի հետագայում այդ գումարները մարդիկ հետ ստանան»,- եզրափակեց նա: