22/12/2015 10:29
Ալմազյան. Էմիր Կուստուրիցայի երևանյան համերգին ընդառաջ
Դեկտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա սերբ հանրահայտ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի և ТNSO նվագախմբի համերգը։ Կազմակերպիչներն են «Almazian Productions»-ը, «Mezzo Production»-ը և «AnMart Productions»-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։
Aysor.am-ը զրուցեցինք Կուստուրիցայի երևանյան այցելության կազմակերպիչ Խաչատուր Ալմազյանի հետ, ով «Almazian Symphony» նվագախմբի հիմնադիրն է՝ սերբ թավջութակահարուհի Թամարա Սավիչի հետ միասին։
-Պարոն Ալմազյան, 2010թ. Դուք կազմակերպեցիք Էմիր Կուտուրիցայի առաջին այցելությունը Հայաստան՝ հանդես գալով նրա պրոդյուսերի դերում։
- Այո, երբ Հայաստանում հայտնի դարձավ, որ իմ «Almazian Symphony» նվագախումբը Էմիր Կուստուրիցայի հրավերով ելույթ է ունեցել նրա առաջին Кustendorf Film & Music Festival փառատոնի բացման արարողությանը, և երբ «Երևան» ամսագիրը հրապարակեց հարցազրույցն Էմիրի և ինձ հետ, ինձ զանգահարեցին Հայաստանի մշակույթի նախարարությունից՝ Էմիրի և ТNSO-ի համերգ կազմակերպելու խնդրանքով։
-Դա Ձեր առաջի՞ն պրոդյուսերական փորձն էր։
-Ոչ, բնականաբար։ Պրոդյուսերությունն սկսել եմ այն ժամանակ, երբ ստեղծում էի իմ կոլեկտիվը։ Քանի որ չէի ուզում որևէ մեկից կախված լինել և ուզում էի ինքս իրացնել իմ ստեղծագործական ծրագրերը, անել այնպես, ինչպես մտածում էի։ Հետագայում այդ փորձը թույլ տվեց ինձ նաև այլ նախագծեր իրականացնել։ Բայց Էմիր Կուստուրիցա արվեստագետի այցելությունը կազմակերպելն, իհարկե, ավելի քան լուրջ հայտ է։
- Դուք երկար տարիներ բարեկամություն եք անում Կուստուրիցայի հետ։ Արդյո՞ք այդ փաստը նշանակություն ունի Ձեր համատեղ նախագծերի իրականացման համար։
-Բնականաբար, տարիների մեր բարեկամությունը պիտի անդրադանար նաև մեր համատեղ ստեղծագործական ծրագրերի վրա։ Երբ բարեկամություն ես անում նման մեծության ստեղծագործողի հետ, բնականաբար՝ գիտես նրա նախապատվությունները, սերը, կամ՝ հակառակը, ինչ-որ բանի հանդեպ նրա բացասական վերաբերմունքը, դա օգնում է ամեն ինչ շատ ավելի ճիշտ կազմակերպել։
-Ի՞նչ տպավորություններ ունեցավ Կուստուրիցան Հայաստանից։
- Լավագույն։ Շատ մեծ տպավորություն ստացավ Փարաջանովի և Ցեղասպանության թանգարաններից։ Էմիրն ասաց, որ հիացած է սեփական պատմության հանդեպ հայերի վերաբերմունքից։
-Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն եղավ այն մասին, թե Էմիր Կուստուրիցայի և TNSO-ի համերգը կայանալու է նոյեմբերի 19-ին։ Ո՞րն էր օրը փոխելու պատճառը։
-Իրականում համերգը սկզբում նախատեսված էր հոկտեմբերի վերջին։ Ամսաթիվը փոխվեց չորս անգամ։ Ինչպես գիտեք, Էմիրն ավարտում է իր նոր ֆիլմի՝ «Ծիր կաթինի» նկարահանումները՝ Մոնիկա Բելուչիի գլխավոր դերակատարմամբ։ Նկարահանումների ժամանակացույցը հաճախ էր փոխվում և դա հիմնականում կախված է եղանակային պայմաններից, այլ ֆիլմերում նկարահանվող դերասանների զբաղվածությունից և այլն։ Տեղափոխվեց նրանց մոսկովյան համերգը, իսկ շրջագայությունը Լատինական Ամերիկա առհասարակ հանվեց։
-Տեղյակ ենք նաև, որ Ձեր նվագախումբը ձայնագրել է երաժշտություն «Ծիր կաթին» ֆիլմի համար։ Իսկ նկարահանումներին դուք նույնպե՞ս ներկա եք լինում։
-Շատ հաճախ լինում եմ։ Անսահման հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ֆիլմ ստեղծվում։ Հատկապես, երբ աշխատում են Էմիրը և նման ֆանտաստիկ դերասանական կազմ։ Մոնիկայից բացի ֆիլմում ընդգրկված են հանճարեղ դերասան Միկի Մանոյլովիչը (կինոդիտողները նրան գիտեն նրա գլխավոր դերակատարումներով «Անդերգրաունդ» և «Հայրիկը գործուղման է» ֆիլմերում) և սերբ հիանալի երիտասարդ դերասանուհի Սլոբոդա Միչալովիչը։ Ի դեպ, ես նույնպես խաղում եմ այդ ֆիլմում, մեծ դեր չէ, բայց տեսարանները Մոնիկա Բելուչիի հետ են...
-Պարոն Ալմազյան, հարցազրույցներից մեկում ասել եք, թե կուզենայիք կազմակերպել ֆիլմի երևանյան պրեմիերան։
-Այն ժամանակ ասել էի՝ «կուզենայի», իսկ հիմա կարող եմ վստահաբար ասել, որ անպայման դա կանեմ։
-Ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք գալիք տարվա համար։
-2016 թվականին, ֆիլմի երևանյան պրեմիերայից բացի, մենք ռուսաստանցի պրոդյուսեր Անետա Մարտիրոսյանի հետ համատեղ ծրագրում ենք Մոսկվայում կազմակերպել փառատոն և հրավիրել այս ժանրում ստեղծագործող առաջատար կատարողներին։ Անետա Մարտիրոսյանը Մոսկվայում, Բարվիխա մեծ համերգասրահում մեր դեբյուտի գլխավոր կազմակերպիչն էր։ Ի դեպ, ծրագրվում է երկրորդ ելույթը Մոսկվայում, Երաժշտության միջազգային տան մեծ սրահում։ Ուզում ենք հրավիրել Classical Crossover ժանրի բոլոր առաջատար կատարողներին: Մարտին ծրագրավորված է «Almazian symphony»-ի համերգը Երևանում, և այդ նախագիծը մենք անում ենք «Mezzo production»-ի հետ միասին: Ուզում եմ կազմակերպել Էմիրի և նրա նվագախմբի համերգային շրջագայություն ԱՄԷ-ով։ Մի մեծ նախագիծ էլ կա, բայց առայժմ չէի ուզենա խոսել այդ մասին։ Վստահ եմ, սա հաճելի անակնկալ կլինի։
Նշենք, որ Խաչատուր Ալմազյանի կենսագրությունում հատուկ տեղ է զբաղեցնում համագործակցությունն Էմիր Կուստուրիցայի հետ։ Kustendorf Film & Music Festival -ում ելույթից հետո ռեժիսորն առաջարկել է նվագախմբին մասնակցել «Cool Water» («Սառը ջուր») կինոնկարի սաունդտրեկի ձայնագրությանը, որի համապրոդյուսերն է Ջոնի Դեպը (ներկա պահին ֆիլմի նկարահանումները հետաձգված են)։ «Երևան» ամսագրի 2008թ. սեպտեմբերյան համարը լույս է տեսել՝ շապիկին Կուստուրիցայի և Ալմազյանի նկարներով։ 2010թ. Խաչատուր Ալմազյանը կազմակերպեց Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը Երևանում։ «Almazian Symphony»-ն ձայնագրեց Կուստուրիցայի նոր ֆիլմի՝ «Ծիր կաթինի» (On The Milky Road) սաունդտրեկը. ֆիլմի գլխավոր դերում նկարահանվել է համաշխարհային կինոյի աստղ Մոնիկա Բելուչին։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2016թ. Կաննի փառատոնում։