28/12/2015 11:36
Արդեն մտածում ենք երրորդ զավակի մասին. Ծովինար Մարտիրոսյան
Դերասան-ամուսիններ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը 2016 թվականը կդիմավորեն աշխատանքային մթնոլորտում՝ լիակատար ազատություն ընձեռելով իրենց փոքրիկներին:
«Ես և Նարեկը ամսի 31-ի գիշերը աշխատանքի բերումով տանը չենք դիմավորի, սակայն հունվարի 1-ից Ամանորը կնշենք մեր տանը՝ սպասելով մեր սպասված ու անսպասելի հյուրերին: Տղաներս Նոր տարվա գիշերը կանցկացնեն Նարեկի ծնողների տանը ու դա նրանց համար իսկական տոն է, քանի որ սկեսուր-մայրիկս, ի տարբերություն ինձ, ոչ մի արգելք նրանց դիմաց չի դնում, թույլ է տալիս անել այն, ինչ ցանկանում են: Հունվարի մեկին արդեն Ձմեռ պապիկը նվերներով իրենց կայցելի»,- Aysor.am-ին ժպիտով տեղեկացրեց դերասանուհին:
Յուրաքանչյուր ընտանիք ունի ավանդույթներ, որոնք աչքի են ընկնում հատկապես տոնական օրերին: Ավանդական են նաև խոզի ազդրն ու տարիների ընթացքում երբեք չհնացող հայկական տոլման: «Մեր ընտանիքում մեծ ու հրաշալի ավանդույթ է տոնածառ զարդարելը, որին մասնակցում ենք ամբողջ ընտանիքով: Ինչ վերաբերում է կերակրատեսակներին, ապա այո, առանց «խոզի բուդ» չի լինի, սակայն մեկտեղ՝ անշուշտ, նորություններ ևս կլինեն մեր տոնական սեղանին»,- նշեց մեր զրուցակիցը:
Ամանորի բաղկացուցիչ մաս է կազմում նաև նվերներ ստանալն ու նվիրելը, որոնց հարցում մեր դերասանուհին դեռևս շտապողականություն չի դրսևորում. «Ժամանակս մի քիչ սուղ է, այդ պատճառով դեռ նվերներ չեմ գնել: Բայց կփորձեմ ընտրել այնպիսի բաներ, որոնք ոչ միայն ինքնատիպ են, այլև անհրաժեշտ: Ես երկար եմ նվերներ փնտրում ու ընտրում, անընդհատ մտավախություն ունեմ, որ կարող է դիմացինիս դուր չգալ: Ի վերջո, այդ անակնկալներն են գեղեցկացնում մեր տոնը: Իհարկե, ինքս էլ սիրում եմ նվերներ ստանալ, բայց ասեմ, որ ինձ համար հարազատ մարդու խորհուրդն ու խոսքը առավել է նվերից»:
Նրա հիշողության մեջ առավել տպավորվել է տարիներ առաջ անցկացրած Ամանորը, երբ առաջին անգամ տոնական օրվան պատրաստվում էր ինքնուրույն. «Շատ լավ հիշում եմ այն Ամանորը, երբ ես և Նարեկը ծնողներից առանձնացանք ու առաջին անգամ մենք մեր ուժերով ամեն ինչ կազմակերպում էինք: Մինչ այդ ես խոհանոցում այդքան էլ ակտիվ չէի: Այդ օրը մեր ընկերները մեր տանն էին երեկոյան ժամը 21:00-ից ու տարին շատ արագ անցավ: Չնկատեցինք էլ, թե երբ խփեցին 12 զարկերը, քանի որ խնջույքը վաղուց սկսված էր: Չնայած, բոլոր տարիներն էլ հետաքրքիր են եղել»:
2015 թվականը ամուսնինների համար բեղմնավոր տարի է եղել, 2016-ից էլ սպասելիքները քիչ չեն: «Անցնող տարին ինձ համար հետաքրքիր ու գեղեցիկ էր: Ցանկանում եմ, որ եկող տարին բոլոր հայերիս համար բարի լինի, խաղաղ երկինք ունենանք մեր գլխավերևում: Թող մեր զինվորները խաղաղ ծառայեն ու վերադառնան, բացականեր չլինեն: Երեխաներն էլ առողջ լինեն ու անհոգ մանկություն ունենան: Մեծ սեր համայն մարդկությանը»:
Մեր այն հարցին, թե արդյոք ամուսինները չեն պատրաստվում եկող տարի իրենց երկու որդիներին քույրիկ նվիրել՝ Ծովինար Մարտիրոսյանը ծիծաղելով պատասխանեց: «Դեռ ոչ, մի քիչ շուտ է: Չնայած խոստովանեմ, որ արդեն մտածում ենք երրորդ զավակի մասին»: