12/01/2016 12:12
Արցախում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ: 2016 թվականի հունվարի 11-ի դրությամբ ամբուլատոր և պոլիկլինիկական հաստատություններ են դիմել 332-ը, որոնցից 275-ը մինչև 18 տարեկան են, հոսպիտալացվել է 54 հիվանդ, այդ թվում 32-ը մինչև 18 տարեկան: Իսկ հոսպիտալացված հիվանդներից 21-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ առողջապահության նախարարությունը:
ԼՂՀ ԱՆ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում կանչերի թվերի աճ ևս չի գրանցվել: Կլինիկական ցուցումով գրիպ հիվանդության ախտորոշման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա ուղարկված նմուշներից երեքում սեզոնային գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակն է հայտնաբերվել:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում գրիպանման երևույթների դեպքում ժամանակին դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժությամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների կանխարգելման հետ կապված իրականացվում է ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվում են համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական կազմակերպություններում:
Իրավիճակը լիարժեք վերահսկելու նպատակով ուժեղացվել է նաև հսկողությունը բժշկական հաստատություններում, մասնավորապես հիվանդների ժամանակին հայտնաբերման, արագ և ճիշտ ախտորոշման, հոսպիտալացման գործընթացներում: Ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ, ախտահանիչ նյութեր և բժշկական պարագաններ:
Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով ամբուլատոր ծառայության կողմից իրականացվում են ամենօրյա բակային համայցեր: