10/03/2016 19:54
Միանշանակ է, որ կյանքս հայուհու հետ եմ կապելու. Գոռ Եփրեմյան
Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող երգիչ Գոռ Եփրեմյանն անմասն չի մնում նաև կինոաշխարհից: Այսօր էլ վերջինս իր ուժերն է փորձում Կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալում, ինչը, կարծեք, թե այնքան էլ վատ չի ստացվում:
Aysor.am-ը երգիչ-դերասանի հետ զրուցել է գործունեության դժվարությունների և ԱՄՆ-ում բնակություն հաստատելու մասին:
-Գոռ, մինչ այս հանրությունը Ձեզ ճանաչում էր միայն որպես երգիչ: Այժմ հնարավորություն ունենք Ձեզ հանդիպել նաև որպես դերասան…
-Երգով ես ապրում եմ ու առանց դրա չեմ պատկերացնում իմ կյանքը: Երգն իմ էությունն է, իմ զգացողությունը: Իհարկե, ինձ ուրախացնում է այն փաստը, որ հանրությունը ինձ ճանաչում ու ընդունում է որպես երգիչ, բայց ասեմ, որ առաջին անգամ չէ, որ ես հանդես եմ գալիս որպես դերասան: Գտնում եմ, որ բեմի մարդը պետք է տիրապետի նաև դերասանական արվեստին:
-Իսկ ինչպե՞ս ծնվեց «Վտանգավոր խաղերում» դերասանի կարգավիճակում հանդես գալու որոշումը:
-Երբ «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալի գաղափարը կար, ինձ վստահվեց ֆիլմի սաունթրեյքը: Անկեղծ ասած՝ թե՛ երգը և թե՛ ֆիլմը շատ համահունչ են, ու կարծում եմ՝ շատ սիրվեցին: Այսօր օտարության մեջ գտնվող յուրաքանչյուր մարդ կփաստի, որ այն իր կյանքի պատմության մի մասնիկն է… Իսկ սերիալում որպես դերասան հանդես գալու առաջարկը պատահական էր, ես էլ սիրով ընդունեցի:
-Ի դեպ, ի՞նչ կերպարով եք հանդես գալիս:
-Դրական կերպարով: Հերոսիս անունը նույնպես Գոռ է, բայց միտումնավոր չի արվել, իհարկե, պատահական է ստացվել: Ես սիրեցի Գոռի կերպարը ու կարծում եմ՝ հեռուստադիտողն էլ կսիրի: Ֆիլմի նկարահանող խմբի և դերասանկան կազմի հետ շատ մտերիմ ենք, մենք նախևառաջ ընկերներ ենք:
-Մտավախություն չունե՞ք, որ որպես դերասան կարող եք ձախողվել:
-Ճիշտ է, ես մասնագիտությամբ երգիչ եմ, բայց կարծում եմ՝ ուժերդ պետք է փորձես և չմտածես՝ կսիրվե՞ս, թե ոչ: Պարզապես քո առջև դրված առաջադրանքը պետք է անես հնարավորինս մաքսիմալ և լինես անկեղծ: Ես սովորել եմ Աբել Աբելյանի «Casting School» դերասանական ստուդիայում: Ընդունվեցի, որպեսզի որոշակի տիրապետեմ դերասանի վարպետությանը, ինչն ինձ օգնեց ավելի անկաշկանդ լինել բեմում, աշխատել տեսախցիկի հետ, զգալ տեսախցիկը, զգալ կերպարը: Չէ՞ որ յուրաքանչյուր երգ պատմություն ունի ու դու որպես երգը մատուցող՝ պետք է ոչ միայն զգաս ու արտահայտես, այլ նաև ճիշտ կերպարի մեջ մտնես ու մատուցես: Նշեմ, որ այն ժամանակ նոր պետք է լուրջ քայլեր կատարեի երաժշտական ասպարեզում: Տեսահոլովակ նկարահանելիս տեսախցիկի հետ ճիշտ աշխատելը, նաև տեսահոլովակում՝ դարասանի վարպետությունը պետք եկավ: Ո՞վ կմտածեր, որ մի օր ուժերս կփորձեմ նաև ֆիլմում (ժպտում է):
-Այժմ չե՞ք դժվարանում նկարահանման հրապարակում:
- Այն, ինչ սիրով ես անում, դժվար չէ: Ավելին, դա արդեն դառնում է ոչ թե աշխատանք, այլ՝ հաճույք:
-Գոռ, արդյոք սա նշանակում է, որ երգարվեստն այսուհետ երկրորդ պլան կմղվի:
- Երգը երբեք երկրորդ պլանում չի լինի, ես ինձ ինչ հիշում եմ, երգում եմ: Երգն ինձ հետ ծնվել է, այն իմ հոգում է:
-Նորություններ սպասվո՞ւմ են:
-Իհարկե, շուտով երկրպագուներիս կուրախացնեմ նոր ռիթմիկ երգով և տեսահոլովակով:
-Վերջերս Ձեր երգերը հնչում էին դաղստանցի մի տղայի կատարմամբ: Դա կարելի՞ է գողություն որակել, թե՞ չեք նեղվում նման բաներից:
-Այո լսել եմ և ուրախ եմ, որ երգում են իմ երգերը՝ հատկապես օտարերկրացիները: Հետաքրքիրն այն էր, որ ոչ միայն երաժշտությունն էին գողացել, այլ նաև բառերը հայերենից մեկ առ մեկ թարգմանել էին:
-Բայց այն «Youtube»-ից, կարծեք, թե անհետացել է. դա Ձեր հետևողականության արդյո՞ւնքն է, թե՞ …
- Տեղյակ չեմ՝ հիմա «Youtube»-ում կա՞, թե՞ ոչ: Բայց եթե չկա, հավատացեք՝ իմ հետևողականության արդյունքը չէ (ծիծաղում է):
-Գոռ, որքա՞ն ժամանկ է, որ ԱՄՆ-ում եք բնակվում:
-2013 թվականից:
-Փաստորեն, Հայաստանում եք ծնվել-մեծացել:
-Այո, ծնվել եմ Հայաստանում: Մեկ տարեկանում ծնողներիս հետ տեղափոխվել ենք Ռուսաստան, 6 տարի ապրելով այնտեղ՝ 1999 թվականին վերադարձել ենք Հայաստան: Ամերիկայում հայտնվեցի ինչպես շատ հայեր. շահեցի «Գրին քարտ»:
-Օտարություն չե՞ք զգում այդտեղ: Գուցե Ձեր «օտարություն» երգը հենց այդ զգացողությա՞ն ծնունդն է:
-Բնական է, եթե քո հայրենիքում չես, ուրեմն օտար ես: Միգուցե, եթե այստեղ մեծացած լինեի, ուրիշ զգացողություն ունենայի: Բայց հիմա հայրենիքիս հետ ինձ շատ բան է կապում. իմ մանկությունը, իմ դպրոցը, իմ պատանեկությունը, իմ ընկերները, հարազատները, իմ բակը, իմ ուսանողական տարիները, իմ հուշերը… Այդ ամենը հայրենիքում է՝ իմ Երևանում: Իսկ «Օտարություն» երգը ամեն հայի սրտից է, այդ թվում՝ նաև իմ:
-Այդտեղ ո՞ւմ հետ եք ապրում:
- Այստեղ ապրում են մորաքույրներս և տատիկս: Ես ապրում եմ մորաքրոջս հետ:
-Մտածո՞ւմ եք Հայաստան վերադառնալու մասին, թե այլևս ԱՄՆ-ում կհաստատվեք:
-Միշտ եմ մտածում Հայաստան վերադառնալու մասին, բայց հիմա չեմ կարող կոնկրետ ասել՝ որտեղ կհաստատվեմ «վաղը»: Որտեղ էլ որ ապրեմ, երբեք Հայաստանում լինելու առիթը բաց չեմ թողնի:
-Որքան հասկացա, Ձեր ծնողներն այստեղ են:
-Այո, ծնողներս և եղբայրս Հայաստանում են: Ամեն ամառ պարտադիր գալիս եմ ու շատ կուզենամ, որ մի օր վերադառնամ ընդմիշտ…
-Եթե չեմ սխալվում, ամուսնացած չեք: Ի՞նչ եք կարծում, որպես կողակից այլ ազգի աղջիկ կընտրե՞ք:
-Այո, ամուսնացած չեմ, ընկերուհի էլ չունեմ (ժպտում է): Բայց միանշանակ է, որ կյանքս հայուհու հետ եմ կապելու…