20/04/2016 10:30
Մենք Պաշտպանության նախարարության հետ ենք համագործակցում, գիտենք՝ թե որ ընտանիքն ինչի կարիք ունի. Դինա Ակոպովնա
Վերջին շաբաթների ընթացքում բոլոր հայերը՝ յուրաքանչյուրն իր հնարավորության չափով, փորձում են օգտակար լինել սահմանին կանգնած հայ զինվորին: Այս առաքելությունից կամ պարտավորությունից անմասն չեն մնում ո՛չ սովորական քաղաքացիները, ո՛չ էլ հայ հայտնիները:
«Դեռ մինչ այս դեպքերը՝ մարտ ամսին, ես և Լոս Անջելեսում ապրող իմ երկու ընկերուհիները հիմնել ենք «Կամուրջ դեպի լույս» բարեգործական կազմակերպությունը, որի նպատակն է օգտակար լինել կարիքավոր ընտանիքներին: Ապրիլյան այս դեպքերը մեզ համար ամենակարևորը դարձան: Այդ իսկ պատճառով մայիսի 1-ին Լոս Անջելեսի «Bellezza» սրահում հայրենասիրական ոգով ու շնչով բարեգործական մեծ միջոցառում տեղի կունենա, որին կմասնակցեն հայտնի երգիչներ, պարային խմբեր, հաղորդավարներ ու դերասաններ, ովքեր ևս իրենց շոյված կզգան՝ տեսնելով, թե ինչ օգնություն են ցուցաբերել»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց հաղորդավարուհի Դինա Ակոպովնան:
Թափանցիկություն ապահովելու նպատակով միջոցառման ողջ ընթացքը կնկարահանվի ու կներկայացվի հանրությանը: «Պատճառն այն է, որ հատկապես այս օրերին շատերը ստախոսությամբ մեծ գումարներ են կորզում ու յուրացնում: Ես, լինելով այս կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչն ու փիար մենեջերը, գտնում եմ, որ պետք է քաղաքակիրթ տարբերակով ներկայացնել այս ամենը»,-ընդգծեց նա:
«Կամուրջ դեպի լույս» կազմակերպությանն արդեն իսկ միացել են մի քանի կազմակերպություններ ու անհատներ, որոնց ուղարկած նյութական օգնությունը շուտով կլինի Հայաստանում: Տեղ հասնելուն պես հաղորդավարուհին համապատասխան մարմինների ներկայությամբ անձամբ կստանա ու կբաժանի այն: «Հասույթը կազմակերպության տնօրեն Ժաննա Կասմանյանի և փոխտնօրեն Սյուզի Քյուրքչյանի նախաձեռնությամբ հունիս ամսին Երևանում կլինի: Մենք այն հանձնելու ենք մեր զոհված հերոսների ընտանիքներին, մի մասն էլ կուղարկենք Արցախ»,-վստահեցրեց նա:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են համակարգելու՝ ո՞ւմ ինչով օգնել, Դ. Ակոպովնան պատասխանեց. «Մենք Պաշտպանության նախարարության հետ ենք համագործակցում, գիտենք՝ թե որ ընտանիքն ինչի կարիք ունի՝ դեղ, սնունդ, հագուստ, գումար»:
Անդրադառնալով արցախյան իրադարձություններին և այն հարցին, թե ի՞նչ դաս մեզ տվեցին վերջին օրերը՝ պատասխանեց. «Թե ինչ դաս՝ չգիտեմ, բայց մեծ կորուստներ ու ցավ ունեցանք: Զավակի կորուստը նման է կրակի մեջ այրվելուն: Դա միայն այդ մարդիկ կհասկանան»:
Մեր այն նկատառմանը, որ այս ընթացքում ԼՂՀ չմեկնածների շարքում է նաև նա՝ պատասխանեց. «Չեմ գնացել ու չեմ գնա: Ես այնտեղ կլինեմ այն ժամանակ, երբ իմ անհրաժեշտությունը լինի: Այնտեղ ի՞նչ պետք է անեի հիմա՝ սելֆի՞, թե եթերում հայտնվեի: Գրագետ ու այդ ամենի մեջ մասնագիտացված հատուկ լրագրողներ և օպերատորներ կան, ովքեր նկարահանում ու շուտ վերադառնում են: Ի վերջո, այնտեղ գնալով ու փողոցներում նկարվելով չի որոշվում հայրենասիրությունը: Ի դեպ, դեռ տարիներ առաջ ես առաջիններից եմ եղել, ով հեղինակային ծրագրի միջոցով ներկայացրել է նորագույն պատմության էջերը համալրած ֆիդայիններին: Նույնիսկ Վազգեն Սարգսյանի պատվոգրին արժանացա, «Ոսկե արծիվ» մեդալով պարգևատրվեցի… Բայց ամեն ինչ չէ, որ պետք է փիարի վերածենք»:
«Փա՛ռք ու պատի՛վ մեր տղերքին, ովքեր արյան ու կյանքի գնով մեզ են պաշտպանում: Փա՛ռք ու պատի՛վ նրանց, որոնց որդիները չկան, թող լույս իջնի նրանց շիրիմներին: Փա՛ռք ու պատի՛վ այն տղաներին, ովքեր մինչև վերջ հավատարիմ են «բարով արժանանամ թակ գնդակի համբույրին» նշանաբանին»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դինա Ակոպովնան: