13/06/2016 20:14
Երբ անակնկալ արեցին, նկարն ինձ ուղարկեցին, շատ հուզվեցի. Ռազմիկ Մանսուրյանը՝ «Զինվորի պատգամը» երգի և հերոս Ադամ Սահակյանի մասին. (Լուսանկար, տեսանյութ)
Ապրիլյան քառօրյա պատերազմը հայ արվեստագետներից շատերին է ստիպել անդրադառնալ մերօրյա հերոսներին: Հենց այդ տղաներն են, որ կարողացան անառիկ պահել Արցախն ու սեփական արյան գնով ետ մղել հակառակորդին՝ ֆիզիկապես բացակա դառնալով, բայց նոր ստեղծագործությունների մեջ ու մարդկանց հոգիներում անմահանալով:
Երեկ համացանցում տարածվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող երգիչ, դերասան Ռազմիկ Մանսուրյանի «Զինվորի պատգամը» կատարումը՝ նվիրված քառօրյա պատերազմում զոհված Ադամի և իր ընկերների հիշատակին:
«Այս երգի պատմությունը սկսվել է նրանից, որ Մարգարիտա Խլղաթյանը համացանցում տեսել է Ադամ Սահակյանի լուսանկարը, ծանոթացել նրա սխրագործությանը: Այդ ամենը նրա վրա ծանր ազդեցություն է թողել ու որոշել է ստեղծագործություն գրել: Երգի հեղինակից առաջարկ ստացա, որ ես կատարեմ այն»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ռազմիկ Մանսուրյանը:
Ի դեպ, հերոս Ադամ Սահակյանը Ռազմիկ Մանսուրյանի ընկերոջ՝ Խաչիկ Սահակյանի որդին է. երգի առաջարկը ստանալուց հետո է Ռ. Մանսուրյանն իմացել, որ այս կատարումը գրվել է հատուկ Ադամի հիշատակին, ու հեղինակի հետ խորհրդակցելուց հետո որոշել են այն անվանել «Զինվորի պատգամը»՝ Ադամի և իր զոհված ընկերների հիշատակին:
«Ասմունքող Նունե Ավետիսյանն, ով վերջերս Հայաստան էր գնացել, Ադամենց տանն է եղել: Ադամի ծնողները տղայի լուսանկարները ցույց տալուց ցույց են տվել նաև իմ և Ադամի նկարը, որտեղ նա, եթե չեմ սխալվում, 11 տարեկան է: Հետո հիշեցի, որ երբ Հայաստան էի եկել, Խաչիկենց տանն էի, տղան դրսում խաղում էր, կանչեցի՝ միասին նկարվելու… Երբ Նունեն անակնկալ արեց ու այդ նկարն ինձ ուղարկեց, շատ հուզվեցի: Շատ լավ երեխա էր»,-հուզմունքով հիշեց երգիչ-դերասանը:
Ռազմիկ Մանսուրյանի հետ լուսանկարում 11-ամյա Ադամ Սահակյանն է:
Միացյալ Նահանգներում երեկ կայացած «Քեզ հետ եմ հայ զինվոր» հեռուստամարաթոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև այս երգի հեռուստապրեմիերան:
Նշենք, որ խոսքերի հեղինակն է Հասմիկ Վարոսյանը, երաժշտությունը գրել է Մարգարիտա Խլղաթյանը, գործիքավորել՝ դաշնակահար Ալբերտ Բլբուլյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Արտյոմ Ղազանչյանը: Երգը ձայնագրվել է Ավո Հարությունյանի ձայնագրման ստոդիայում: