23/06/2016 18:20
ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակը կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ «անբարեխիղճ մեկնաբանություններից»
«Ես տեսել եմ այդ հայտարարությունները: Կարող եմ ասել, որ դա ադրբեջանական կողմի փորձն է յուրովի մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները», - Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հունիսի 22-ի հայտարարությանը, թե, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել փուլային տարբերակով:
Մարիա Զախարովան, մեջբերելով Սանկտ Պետերբուրգում ընդունված եռակողմ հայտարարության տեքստը, ասել է, որ այն հասանելի է և բոլոր ցանկացողները կարող են այն կարդալ:
«Ես կխնդրեի առաջնորդվել հայտարարության հենց օրգինալով, այլ ոչ թե այս տեքստի վերաբերյալ բավականին անբարեխիղճ մեկնաբանություններով», - ասել է Մ.Զախարովան:
«Կա կոնկրետ հայտարարություն, այն հնչեցվել է և հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ և դրա վրա է պետք հիմնվել, այլ ոչ թե որևէ մեկի կողմից դրա ազատ ընթերցման կամ անբարեխիղճ մեկնաբանության վրա», - եզրափակել է Մ.Զախարովան՝ ընդգծելով, որ հանդիպման այս ձևաչափով որևէ կերպ փորձ չի արվել ստվեր նետել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահների համատեղ ջանքերի վրա:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք, և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի, և մենք կշարունակենք բանակցային գործընթացը», - հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում վայրէջքից հետո հայաստանցի լրագրողներին հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: