29/07/2016 18:00
Նարե Գրիգորյանը՝ նշանադրության չեղարկման և 24-ամյակի անակնկալների մասին
Երգչուհի Նարե Գրիգորյանը՝ Սամվել Գրիգորյանի դուստրը, հուլիսի 29-ին դարձավ 24 տարեկան: Հոբելյարը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն մի քանի տարի է՝ չի նշում իր տոնը:
«Դա բոլորովին էլ տարիքիս ավելանալու հետ չի կապված, ուղղակի այս օրը չեմ սիրում նշել: Արդեն մի քանի տարի է՝ այդպես է: Բոլորն ասում են, որ այն տարիքում չեմ, որ տխրեմ մեծանալուց, բայց ուզում եմ հավատացնել, որ մեկուսանալուս պատճառը ամենևին էլ դա չի: Շատ եմ սիրում ընկերներիս ծննդյան օրերին մասնակցել, ուրախանալ, բայց երբ գալիս է իմ ծննդյան օրը, շփոթվում եմ»,-Aysor.am-ի հետ զրույցում անկեղծացավ հոբելյարը:
Ինչևէ, երբ հանրային մարդ ես լինում, ուշադրությունից խուսափելն առավել է բարդանում: Թեև երգչուհին գտնվում է գործնական ուղևորության մեջ, սակայն մտերիմների և ընտանիքի անդամների մատուցած անակնկալները նույնիսկ հեռավորությունից են հաճելի:
«Իսկապես, իրականում անհնար է թաքցնել այս օրվա խորհուրդը, բայց դեռ հաջողվում է խուսափել: Այժմ Երևանում չեմ, բայց կեսգիշերից սկսած բազում շնորհավորանքներ եմ ստացել…Չգիտեմ, հուսամ, հաջորդ տարի՝ 25-ամյակիս, այդ կարծրատիպը կկոտրեմ ու խնջույք կկազմակերպեմ: Կամ գուցե կյանքումս այնպիսի փոփոխություն լինի, որը նման որոշման պատճառ կհանդիսանա», -ժպիտով նկատեց նա:
Նարե Գրիգորյանն ու ամերիկաբնակ Մովսեսը նշանադրվել են 2015 թվականի օգոստոսի 14-ին: Aysor.am-ի հարցին, թե արդյոք պսակադրությունը երկար սպասեցնել կտա, երիտասարդ երգչուհին անակնկալ պատասխան տվեց.
«Երբեք այս մասին չեմ բարձրաձայնել ու հիմա առաջին անգամ եմ ասելու՝ արդեն մի քանի ամիս է՝ բաժանվել ենք: Ես չեմ սիրում անձնական կյանքս հանրայնացնել, այդ պատճառով էլ թույլ տվեք պատճառների մասին չբարձրաձայնել: Ուղղակի չստացվեց… Ամեն ինչ անցյալում է, ու կյանքը շարունակվում է»:
Եզրափակելով օրվա թեման՝ հոբելյարին առաջարկեցինք մաղթանք հղել ինքն իրեն: Մաղթանքն անձնական չէր, այլ համազգային:
«Անհանգստացնող հարցեր հիմա շատ-շատ ունենք: Այն, ինչ կատարվում է մեր մայրաքաղաքում, չի կարելի չնկատել ու չանդրադառնալ: Նույնիսկ, եթե ծննդյանս օրը խնջույքներ կազմակերպելու սիրահար լինեի՝ այս տարի ձեռնպահ կմնայի: Բոլորին, այդ թվում և ինձ, ցանկանում եմ խաղաղություն», - եզրափակեց օրվա հերոսուհին:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Նարե Գրիգորյանին՝ ցանկանալով բազում հաղթանակներ թե՛ ստեղծագործական, թե՛ անձնական կյանքում: